Մդինարաձեն հերքել է որոշ պատգամավորների՝ «Վրացական երազանքը» լքելու մասին լուրը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե մի քանի պատգամավորներ մտադիր են լքել խորհրդարանական մեծամասնության շարքերը, ասել է, որ «մեծամասնությանը վտանգ չի սպառնում»:

Խոսքը Վլադիմիր Չաչիբաիայի, Դավիթ Սերգեենկոյի և Գիորգի Խելաշվիլիի մասին է. նրանք չեն աջակցել «ռուսական օրինագծին»։

Մդինարաձեի խոսքով, ինքը այլ մեկնաբանություն չի անելու տարածված տեղեկության առնչությամբ։

«Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մեծամասնությունը որևէ խնդիր չունի, և նրան վտանգ չի սպառնում»,- ասել է Մդինարաձեն։

Ինչ է կատարվում

Խորհրդարանական մեծամասնությունը պահպանելու համար «Վրացական երազանքին» անհրաժեշտ է առնվազն 76 պատգամավոր։ Խորհրդարանական մեծամասնությունը ներկայումս բաղկացած է 83 պատգամավորից և ընդգրկում է «Վրացական երազանք» խմբակցության 74 պատգամավորի ու «Ժողովրդի ուժը» շարժման խմբակցությունից 9 պատգամավորի։

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի 76 պատգամավորներ առաջին ընթերցման ժամանակ աջակցել են «ռուսական օրենքի» նախագծին, որի նպատակն է վարկաբեկել և սահմանափակել երկրում ԶԼՄ-ների ու քաղաքացիական սեկտորի գործունեությունը։ Վրաստանի արևմտյան գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը, օրենքը համարում են Վրաստանի արևմտյան ինտեգրման խոչընդոտ։

Ըստ քվեարկության արդյունքների՝ «Վրացական երազանքի» չորս պատգամավորներ ձեռնպահ են մնացել «ռուսական օրենքին» աջակցելուց։ Չորսն էլ ներկա են եղել նիստին, բայց չեն մասնակցել քվեարկությանը։

Այդ պատգամավորներն են՝ Դավիթ Սերգեենկոն, Վլադիմիր Չաչիբաիան, Քեթևան Դումբաձեն, Իրակլի Մեձմարիաշվիլին:

Սակայն, ավելի ուշ Post TV-ն տեղեկություն է տարածել, որտեղ և՛ Իրակլի Մեձմարիաշվիլին, և՛ Քեթևան Դումբաձեն պնդել են, որ իրենք իրականում աջակցել են օրինագծին, և որ կատարվածը տեխնիկական սխալի հետևանք է։

Քվեարկությանը չեն ներկայացել նաև մեծամասնության 3 պատգամավորներ՝ Նինո Իոբաշվիլին, Իրակլի Կովզանաձեն և Էլգուջա Գոցիրիձեն։

Հենց սրանից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, որ օրենքի նախագծին չսատարած պատգամավորները պատրաստվում են լքել մեծամասնությանը, իսկ «Վրացական երազանքի» ղեկավարը խնդրում է` մեծամասնության շարքերից դուրս գալու դեպքում հրաժարվել մանդատից։