Մելիայի գրավը վճարեց EED-ն

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը Նիկա Մելիայի գրավի հետ կապված հայտարարություն է տարածում, որտեղ նշված է, որ գրավը՝ 40 000 լարին հատկացրել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» (EED) եվրոպական հիմնադրամը: Գումարն արդեն վճարված է։

ԵՄ ներկայացչությունը շնորհակալություն է հայտնել EED-ին ու Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային՝ քաղաքական կուսակցությունների հաշտեցմանն աջակցելու համար:

«Սա ևս մեկ քայլ է, որն արվել է Վրաստանում քաղաքական ճգնաժամն ավարտին հասցնելու և ապրիլի 19-ի համաձայնությունն իրականացնելու նպատակով: Ակնկալում ենք, որ այս քայլը կնպաստի խորհրդարանի բոլոր անդամների, Վրաստանի քաղաքացիների, ԵՄ- Վրաստանի հարաբերությունների ու Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների ուղղության շահերին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մելիան մեղադրվում է 2019-ի հունիսի 20-ի հակառուսական ցույցերի ժամանակ խմբակային բռնություն կազմակերպելու, գլխավորելու և իրականացնելու մեջ՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով:

Որպես խափանման միջոց՝ դատարանը նախ ընտրել էր 30.000 լարի գրավը: Նրան նաև էլեկտրոնային թևնոց էր անցկացվել, որը Մելիան հանեց բողոքի ակցիայի ժամանակ: Խափանման միջոցի պայմանների խախտման պատճառով դատարանը Մելիային 40 հազար լարի գրավ նշանակեց:

Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին հայտարարեց, որ մեղադրյալ Նիկա Մելիան, ով գրավի տեսքով պետք է վճարեր 40 000 լարի, չի արել դա սահմանված ժամկետներում՝ մինչև դեկտեմբերի 24-ը և հնարավորություն ունի հավելյալ մեկ շաբաթվա ընթացքում վճարել գրավը: Մելիան նույն օրը հայտարարել էր, որ չի պատրաստվում վճարել գրավն ու իրեն կալանավորել չի հաջողվի:

Մելիային ձերբակալել են փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 08:00-ին՝ հատուկ գործողությամբ: Ընդդիմադիր գործչին ձերբակալելու նպատակով հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը: Այսպիսով, հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով մուտք գործեցին գրասենյակ՝ շենքի տանիքից, կիրառեցին գազանման նյութ, այնուհետև ներխուժեցին սենյակ, որտեղ Մելիան էր իր աջակիցների և լրագրողների հետ, ու տարան վերջինիս: Հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն ցուցաբերվեց 17 անձի, նրանցից 2-ը տեղափոխվեցին հիվանդանոց: