Այսօր Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հս. Մակեդոնիա

Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ նախատեսվում են հանդիպումներ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների՝ Նախագահ Ստևո Պենդարովսկու, Ազգային ժողովի նախագահ Թալաթ Ջֆերիի և առաջին փոխվարչապետ՝ Արտան Գրուբիսի հետ:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Նախագահի հետ առերես և ընդլայնված հանդիպումներից հետո կստորագրվի երկու փաստաթուղթ՝ «Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության կառավարությունների միջև վիզա ստանալու պարտավորությունից ազատելու մասին» և «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հետ մշակույթի ոլորտում համագործակցության մասին» հուշագրերը:

Այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի նախագահի հանդիպումները հյուսիսային Մակեդոնիայում աշխատող վրացի մարզիկների, մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ:

Նախագահի պաշտոնական այցը Հյուսիսային Մակեդոնիա կավարտվի մայիսի 11-ին: