Մետրոյի «Վարկեթիլի» կայարանը երկու ամիս չի գործի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման աշխատանքները կսկսվեն փետրվարի 9-ին, այդ պատճառով հունիս-օգոստոս ամիսներին կայարանը փակ կլինի մոտ երկու ամսով։

Հարկ է նշել, որ ըստ պայմանագրի՝ աշխատանքները կտևեն 18 ամիս։

«Կայարանը փակ կլինի այնտեղ ասբեստի առաստաղի անվտանգ ապամոնտաժման և տեղադրման համար։ Կայարանի փակման ժամանակ մենք կփորձենք ավելացնել համապատասխան թվով ավտոբուսներ «Վարկեթիլի»-ի ուղղությամբ, որպեսզի հնարավորինս օգնենք ուղևորներին հասնել իրենց նպատակակետին»,- ասել է Կալաձեն:

Ի դեպ, 2022 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունը առանց մրցույթի պայմանագիր է կնքել մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման և կապիտալ աշխատանքների համար։ Քաղաքապետարանը կայարանի վերականգնումը հանձնարարել է «Բադա Քոնսթրաքշն» ընկերությանը, որը վերանորոգում է նաև մետրոյի «Ավլաբարի» կայարանը։ «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման արժեքը 13 մլն 398 հազար 612 լարի է։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունը 2022 թվականի մայիսին մրցույթի հիման վրա պատվիրել էր մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերականգնումը «Մամիսոն Քոնսթրաքշն Քամփնի» ՍՊԸ-ին։ 12 մլն 760 հազար լարիի պայմանագիրը խզվել է նոյեմբերին՝ այն պատճառով, որ այդ պահի դրությամբ ներկայացված չէր ամբողջական և համապատասխան աշխատանքային արտադրական նախագիծը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 30-ին մետրոյի «Վարկեթիլի» կայարանի առաստաղը փլուզվել էր. վիրավորվել էր 14 մարդ։ Դրանից հետո առաստաղը չի վերականգնվել։

Մինչ այժմ մետրոյի «Գոցիրիձե» կայարանը ևս ուղևորներին չի սպասարկում, որի վերանորոգումը քաղաքապետարանը նախնական տվյալներով պետք է ավարտեր 2021 թվականի հունվարին։ Կայարանի վերականգնման ընթացքում պարզվել է, որ անհրաժեշտ է փոխարինել հարթակի երկաթբետոնե սալերը։ Այդ ժամանակից ի վեր կայանի բացման օրը մի քանի անգամ հետաձգվել է։