«Միացյալ ազգային շարժումը» դադարեցնում է խորհրդարանական բոյկոտը

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական բոյկոտը: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն։

2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՄԱՇ-ը հրաժարվեց մտնել խորհրդարան։ Ամենամեծ ընդդիմադիր կուսակցության անդամները խորհրդարան են անցել 2021 թվականի հունիսի 8-ին։ Սակայն մուտքից 1 ամիս անց՝ հուլիսի 5-ի իրադարձություններից հետո, կուսակցությունը կրկին հայտարարեց խորհրդարանական բոյկոտի մասին։

Հիշեցնենք, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները 2021 թվականի դեկտեմբերի 22-ից զանգվածային հացադուլ էին սկսել, ի աջակցություն կուսակցության հիմնադիր և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի: 2022 թվականի հունվարի 1-ին կուսակցության 200 անդամներն ու աջակիցները, Սաակաշվիլիի խնդրանքով,  դադարեցրին հացադուլը: