Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Ռուսթավելիի պողոտայում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 5-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո երեկ՝ հունիսի 6-ին մի շարք ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպվեց խաղաղ ցույց ի աջակցություն տուժած լրագրողների և ԼԳԲՏ համայնքի:

«Լուռ ակցիան» մեկնարկելուց առաջ Ռուսթավելիի պողոտայում՝ Քաշուեթիի եկեղեցու հարակից տարածքում հավաքվեցին ծայրահեղական խմբերը, ովքեր երեկոյի ընթացքում ամեն կերպ փորձում էին չեղարկել համերաշխության ակցիան:

Ռուսթավելիի պողոտայում մոբիլիզացված էր մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր, որոնք երկաթյա պատնեշների օգնությամբ բաժանում էին երկու իրար հակընդդեմ ցուցարարներին:

Երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում Ռուսթավելիի պողոտայում իրավիճակը լարվեց: Համերաշխության ակցիան ավարտվեց և մասնակիցները ոստիկանության օգնությամբ կարողացան հեռանալ խորհրդարանի դիմացից:

Այս ընթացքում ռադիկալ խմբերը փորձում էին ամեն կերպ ճեղքել ոստիկանական պատնեշը և բռնություն կիրառել թե՛ ակցիայի մասնակիցների և թե՛ լրագրողների նկատմամբ: Նրանք սկսեցին քարեր և շշեր նետել լրագրողների և ցուցարարների ուղղությամբ: Կարճատև բախումների ընթացքում վիրավորվեցին մի քանի ոստիկան և լրագրող: Ավելի ուշ Ռուսթավելիի պողոտայում հայտնվեցին ՆԳՆ-ի հատուկ ջոկատայինները:

Համերաշխության ակցիայի ավարտից հետո ծայրահեղական խմբերը կարողացան հասնել խորհրդարանի դիմաց և կրկին հանեցին Եվրամիության դրոշը և այրեցին: