Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել է ՀՀ նախագահին

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

Կղավելաշվիլիի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Կղավելաշվիլիին։

Միխեիլ Կղավելաշվիլիի խոսքով՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ հստակորեն հաստատում է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսությանը, խաղաղությանը և կայունությանը։

Կղավելաշվիլիի պատվիրակության կազմը.

  • վարչակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձե,
  • «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիա,
  • «Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկ,
  • «Վրացական երազանքի»-ի պատգամավորներ Սամվել Մանուկյան, Սումբատ Կյուրեղյան,
  • Կղավելաշվիլիի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Լուկա Էխվաիա։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-16-ին Կղավելաշվիլին իր առաջին այցը կատարեց Ադրբեջան, որի շրջանակներում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետին։

Նշենք. Ադրբեջանը և Հայաստանը պատկանում են այն մի քանի երկրների թվին, որոնք շնորհավորել են Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրվելու կապակցությամբ։