«Մնաս բարով, ԿԸՀ…»․Վրաստանի ԿԸՀ-ի ավագ մասնագետը թողել է պաշտոնը` «մասսայական կեղծիքների» պատճառով

Վրաստանի կենտոնական ընտրական հանձնաժողովի անդամը թողել է պաշտոնը` հոկտեմբերի 31-ին խորյհրդարանական ընտրությունների  «մասսայական կեղծիքների» պատճառով:  

ԿԸՀ-ի ընտրական հանձնաժողովների հետ կապերի դեպարտամենտի ավագ մասնագետ Վանո Բուրդուլին  ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ազատման դիմումի նկարն ու գրել`  «Մնաս բարով, ԿԸՀ…»: Նա իր դիմումն արդեն ուղարկել է ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիային:

«Ազատման դիմում եմ գրել ու կարծում եմ, որ  չպետք է աշխատեմ` մի քանի պատճառներով. Գլխավորն, իհարկե, խորհրդարանական ընտրություններն են, որ անցան մասսայական կեղծիքներով: Գտնում եմ, որ այլևս չեմ կարող գտնվել ընտրական վարչակազմում», –  ընդդիմադիր հայացքներ ունեցող  «Մթավարի» ալիքին ասել է Բուրդուլին:

Ի դեպ, կեղծիքների մասին բարձրաձայնելու կոչ էր արել Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ի քվեարկության արդյունքները ԿԸՀ-ն սկսեց հաղորդել քվեարկության ավարտից 8 ժամ հետո միայն: Ըստ նախնական պաշտոնական տվյալների`  իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48,23%-ն ու  պառլամենտում մեծամասնություն է  կազմում:

Ընտրությունների ընթացքին և քվեների հաշվարկին հետևած որոշ  ՀԿ-ներ հայտնում են վերջին 8 տարվա համար աննախադեպ ընտրախախտումների մասին ու պահանջում են վերահաշվարկ գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների`վերահաշվարկը կարող է մոտ 8%-ով փոխել ընտրությունների ելքը` հօգուտ ոչ «Վրացական երազանքի»։

Թամար Ժվանիան բրիֆինգի ժամանակ հաստատել է, որ խախտումներ եղել են, բայց սխալները  «մեխանիկական, տեխնիկական կամ մարդկային գործոնով» պայմանավորված են եղել:

Վրաստանում բողոքի ակցիաները չեն դադարում: Մեծ քաղաքներում՝ շրջանային ընտրական հանձնաժողովների մոտ, որտեղ ուսումնասիրվում են բողոքները,  մարդիկ են հավաքվում, պահանջում նոր ընտրություններ:  Ընդդիմադիրները վստահեցնում են` բողոքարկումների մեծ մասը ձևական է ուսումնասիրվում:  Նոյեմբերի 8-ին մեծ հավաք է նախատեսված: