Սաակաշվիլին «կեղծիքները բարձրաձայնողներին» անձեռնմխելիություն է խոստանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին ու ասել, որ բոլոր նրանց, «ով կպատմի` ինչպես են կեղծիքներ կատարվել, անձեռնմխելիություն է երաշխավորվում»:

Տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ ռեվանշ ու ճնշումներ չի ուզում.

«Ուզում եմ դիմել անմիջապես կեղծումների մասնակիցներին: Այն, ինչ դուք արել եք, ծանր քրեական հանցագործություն է, խոստանում եմ ձեզ, ու կարծում եմ` բոլորն ինձ հետ կհամաձայնեն, որ եթե կանգնեք ու պատմեք՝ ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, ոչ միայն լիովին անձեռնմխելի կմնաք, այլ կխրախուսվեք ու կստանաք անցումային կառավարության ու հաջորդ իշխանության  աջակցությունը: Ուզում եմ, որ այս րոպեներին ու առաջիկա օրերին լավ մտածեք` ինչի տակ եք ստորագրել, ինչ հանցագործության եք կամա-ակամա մասնակից դարձել: Քանի դեռ ուշ չէ, կանգնեք ժողովրդի կողքին: Սա շատ կարևոր է պատմության համար, ձեզ ու ձեր ապագայի համար, իհարկե` Վրաստանի համար», — ասել է Սաակաշվիլին: