Ի՞նչ կփոխեի իմ համայնքում. Գյուլիբաղ գյուղ

Ես ապրում եմ Վրաստանի Մառնեուլիի շրջանի Գյուլիբաղ գյուղում։ Այստեղ, ինչպես Վրաստանի շատ համայնքներում, առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն ստացել լուծումներ։ Եթե հրաշքով ինձ հնարավորություն ընձեռվեր որևէ փոփոխություն անել մեր համայնքում, ապա առաջին հերթին աշխատատեղեր կստեղծեի, որի շնորհիվ մեծ չափով կկանխվեր գյուղից արտագաղթը։

Երիտասարդներն աշխատանք չունենալու պատճառով լքում են գյուղը, ոմանք ժամանակավոր, ոմանք էլ, ցավոք՝ ընդմիշտ։ Եթե այս տեմպերով շարունակվի, մի քանի տարի անց կունենանք բավականին տխուր վիճակագրություն, և պարզ է, որ տեղում գումար աշխատելու հնարավորության դեպքում ոք չի հեռանա իր գյուղից։

Հարկ է նշել, որ մինչ այսօր կատարվել են բավականին ժողովրդանպաստ աշխատանքներ, օրինակ գյուղ տանող ճանապարհն է ասֆալտապատվել, նախկին 1 ժամ տևող ճանապարհը հիմա կարելի է անցնել 10֊15 րոպեում։ Գյուղում կա գիշերային լուսավորություն, որը նույնպես մեծ ուրախությամբ ընդունվեց, սակայն այդպես էլ աշխատատեղեր չհիմնվեցին, որը ներկա պայմաններում ամենակարևորն է։

Կարելի է ստեղծել կաթի մթերման արտադրամաս, քանի որ գյուղում տարածված է անասնապահությունը (խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ)։ Եթե յուրաքանչյուրն ինչ որ ձևով նպաստի իր համայնքի զարգացմանը, ապա տարիներ անց կունենանք բարձր զարգացվածություն ունեցող համայնքներ։

Եկեք զարգացնենք ու շենացնենք մեր համայնքները՝ մեր սերունդներին պատգամ թողնելով շարունակել մեր հայրենանվեր գործը։

Հեղինակ՝ Մարիամ Ալավերդյան, 26 տարեկան, գյուղ Գյուլիբաղ

Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: