Կոնֆլիկտները սոցցանցերում՝ ատելության լեզվի միջոցով. վերլուծություն «Մածունի կռվի» օրինակով

Ամեն անգամ սոցիալական ցանցերի վրացական տարածքում հակահայկական շեշտադրմամբ հայտարարությունները կամ մամուլի նմանատիպ հրապարակումները բուռն կոնֆլիկտի պատճառ են դառնում։

Սոցցանցերում խոսքի ազատության հակառակ կողմում հաճախ ատելության լեզուն և այլատյացությունն է՝ դրանից բխող «առցանց կոնֆլիկտներով»։ 

Կոնֆլիկտների դասական տեսակների շարքում սոցիալական ցանցերում ատելության լեզուն ու դրա հետևանքով ստեղծված միջանձնային ու միջհամայնքային կոնֆլիկտներ չկան: 

Օնլայն կոնֆլիկտները 21-րդ դարում՝ մասնավորապես վրաստանյան իրականության ֆոնին, սակայն, էլ ավելի ու ավելի ակտուալ են դառնում:

«Ամենինչ յուրացնում եք», «Ռուսթավելին հայ էր, խինկալին էլ է՞ ձերը», «վերադարձեք ձեր հայրենիք», «հայերից ոչ մի լավ բան չի կարելի սպասել», «Բաղրամյանի գումարտակի համար ձեզ չենք ների․․․» — նման կարգի մեկնաբանություններ հնարավոր է կարդալ վրացալեզու լրատվամիջոցի՝ հայերի հետ կապված յուրաքանչյուր հերթական հրապարակման շուրջ քննարկումներում: 

Պարզ օրինակ է վերջերս «մածունի» (հայ) ու «մածոնիի» (վրաց) շուրջ սոցիալական ցանցերում արձանագրված կոնֆլիկտը: Ժամերի ընթացքում վրացական մամուլը հեղեղված էր թեմայով Վրաստանը Հայաստանին արգելել է իր երկրի տարածքով Ռուսաստան արտահանել «Մածուն» անվանումով մակնանշված հայկական կաթնամթերքը, քանի որ այն գրանցել է որպես «աշխարհագրական նշում»։

Թեև 2012-ին է Վրաստանն այս փոփոխությունն իրականացրել, թեման, սակայն, մամուլին ու օգտատերերին հայտնի դարձավ վերջերս միայն:

Սոցցանցերի թեման այլ էր՝ «ո՞ւմն է մածունը»: Քննարկումները բուռն ընթացք ստացան հատկապես իշխանամետ համարվող «Իմեդի» հեռուստաընկերության սյուժեից հետո: Հաղորդավարների թիկունքում՝ էկրանին պատկերված մածունի ապակյա տարաների վրա գրված էր «Ղարաբաղն Ադրբեջան է», «Տոլման ևս ադրբեջանական է»։ Հարցը նույնիսկ տեղափոխվեց դիվանագիտական հարթակ Վրաստանում ՀՀ դեսպանությունը խնդրահարույց և անընդունելի գրությունների մասին տեղեկացրեց Վրաստանի արտգործնախարարությանը:

Վրացական լրատվամիջոցների անզգույշ լուսաբանման պատճառով, սակայն, օգտատերերը տպավորություն էին ստանում, թե մածունը գողացված է վրացիներից` «ինչո՞ւ են հայերը կրկին յուրացրել վրացական ավանդական կերակուրը»:

Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար նշենք, որ TV Pirveli հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում «մածունի և մածոնիի» թեմայի հետ կապված հրապարակումը փետրվարի 14-ի դրությամբ ուներ 612 մեկնաբանություն, նյութով կիսվել է 315 մարդ: «Ալիք Մեդիան» ուսումնասիրել է մեկնաբանությունները, որոնց բացարձակ մեծամասնությունն ատելության լեզու է պարունակում, ծաղրանք, իսկ խաղաղության կոչ արել են հիմնականում հայկական ազգանուններով օգտատերերը: Հանուն արդարության, արձանագրել ենք նաև մինչև տասը մեկնաբանություն, որտեղ ազգությամբ վրացի օգտատերերը նշում են «Մածուն» բառի արմատների ու հայկական լինելու մասին: 

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը նույնիսկ հետևել ու համեմատել էր Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված վերջին երկու թեմաների՝ մածունի  ու Գելաթիի (Գյանջայի) դարպասների շուրջ օգտատերերի ակտիվությունը՝ հրապարակելով հոդվածների էկրանակադրերը (մածունի նյութի սքրինշոթն արված է հրապարակումից 5 ժամ, դարպասներինը՝ 5 օր հետո)։

 

«Իմեդի» հեռուստաընկերության եթերի «սխալը» նկատել էր վիրահայ քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասյանը, ով առաջինը բարձրացրեց այդ հարցը: «Ալիքի» հետ զրույցում նա համաձայնում է վրացի փորձագետների հետ, որ արմենոֆոբիան Վրաստանում դարձել է քսենոֆոբիայի գլխավոր ձևը և «անտիսեմիտիզմի վրացական տարբերակը»։ Նրա խոսքով, Վրաստանում այլատյացությունը կարող է վերաճել իրական կոնֆլիկտի. 

«Ստեղծելով այսպիսի դաշտ, որտեղ մեծ է վրաց հասարակության ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ, և Վրաստանի ներսում, և երկու պետությունների միջև հայ-վրացական կոնֆլիկտի սպառնալիք է ի հայտ գալիս: Հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր շրջափակված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և խնդիրներ ունի նաև Իրան տանող ճանապարհին, Վրաստանի ճանապարհը, կարելի է ասել, դեպի արտաքին աշխարհ միակն է։ Նման իրավիճակներում Վրաստանում կան ուժեր, որոնք հնարավոր է աջակցություն են ստանում ինչպես Բաքվից, այնպես էլ Մոսկվայից՝ հայ-վրացական լարվածություն հրահրելու, ինչպես նաև օտար ուժերից Հայաստանի կախվածությունը մեծացնելու նպատակով։ Դա արվում է, որպեսզի Հայաստանը տարածաշրջանում նորմալ հարաբերություններ չկարողանա ունենալ գոնե մեկ հարևանի հետ»,- ասում է Թումասյանը: 

Ի՞նչ է ատելության խոսքը ու ինչպե՞ս է Վրաստանը դրանից պաշտպանում էթնիկ փոքրամասնություններին 

Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովի 1997 թվականի ճանաչած խորհրդատվության համաձայն, «ատելության լեզուն ներառում է արտահայտման բոլոր այն ձևերը, որոնք քարոզում, հրահրում, խթանում կամ արդարացնում են ռասայական ատելությունը, այլատյացությունը, հակասեմիտիզմը կամ ազգայնականության, էթնոցենտրիզմի կամ խտրականության վրա հիմնված անհանդուրժողականության այլ ձևերը, այդ թվում՝ թշնամանքը»։

Վրաստանի լրագրողների էթիկայի խարտիայի 7-րդ հոդվածը վերաբերում է հենց ատելության խոսքին: Ի դեպ, էթիկայի խարտիան լրատվամիջոցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանող միակ մարմինն է Վրաստանում, որ անդրադառնում է ատելության խոսքի տարածման հարցին: Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակի կոնվենցիայի Վրաստանի մոնիթորինգի շրջանակներում կազմված 2019 թվականի Վրաստանի մասին երրորդ եզրակացության փաստաթղթում (Կոնվենցիային Վրաստանը միացել է 2000 թվականին, այն ուժի մեջ է մտել 2005 թվականին): Այստեղ ընդգծված է նաև, որ Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովն ունի օգտատերերի իրավունքների սեփական Օմբուդսմեն: Վերջինիս ներքին օրենքների համաձայն, քաղաքացիները նրան կարող են դիմել լրատվամիջոցներում անհանդուրժողականության կամ ատելության լեզու նկատելու դեպքում: Նման դեպք, սակայն, դեռևս չի արձանագրվել: 

Նշենք նաև, որ ԵԽ-ի խորհրդատվություններում ընդգծված է, որ ատելության խոսքը սոցցանցերից կարող է վերաճել իրական կոնֆլիկտի: Այնպես, ինչպես 2017 թվականի հուլիսին Թբիլիսիի կենտրոնում ծայրահեղ աջակողմյան խմբերի կողմից թուրքական ռեստորանների ավիրումն ու մասշտաբային ակցիան էր: 

Վրաստանի Օմբուդսմենն իր 2021 թվականի հաշվետվության մեջ հատկապես ուշադրություն է դարձրել էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ այլատյացության դրսևորումներին: Մարդու իրավունքների պաշտպանն այլատյացություն է համարել ընդդիմադիր «Մթավարի» առցանց հեռուստաալիքի 2020 թվականի ապրիլի 5-ի «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով «Պոստ ֆակտում» հաղորդումը, որտեղ խոսվում էր կորոնավիրուսի նկատմամբ, ըստ էթնիկ պատկանելության, բնակչության մի հատվածի առավելությունների մասին։  Սյուժեից հետո հաղորդավար Գիորգի Գաբունիան հայատյաց հայտարարություն էր արել: 

Հանրային պաշտպանը գտնում է, որ «առողջությանը վերաբերող հարցերի քննարկումներում  որևէ էթնոսի վրա դրական կամ բացասական կերպով կենտրոնանալը վնասում է այն բարդ սոցիալական փոփոխությունների գործընթացին, որով վրաց հասարակությունն անցնում է հավասարության հասնելու ճանապարհին։ Այն նաև ամրապնդում է այլատյացության կարծրատիպերը, կոնկրետ էթնոսին ստորացված վիճակում ներկայացնում»,- նշվում է հաշվետվության մեջ:  

Հատկանշական է, որ Վրաստանը վերջին տարիներին մշակել է ատելության դեմ պայքարի մեխանիզմներ, սակայն, դրանք դեռչևս չեն ներառում սոցցանցերի տիրույթը: Հիմնականում շեշտը դրված է ատելությամբ առաջնորդվող հանցագործությունների վրա: 2016 թվականից Վրաստանի դատախազությունն այս ուղղությամբ հատուկ մոնիթորինգ է իրականացնում, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում Վրաստանի ՆԳՆ-ն պատրաստում է ատելության մոտիվներով հանցագործությունների հետաքննիչների: Ատելության հիմքով հանցագործություններից այս պահի դրությամբ ամենաաղմկահարույցը 2018 թվականին էթնիկ պատկանելիության պատճառով իրավապաշտպան ակտիվիստի սպանությունն էր Թբիլիսիի կենտրոնում:  

Ինչ վերաբերում է ատելության լեզվին, ըստ փաստաթղթի, Վրաստանում այն քրեականացված չէ հետաքննություն սկսվում է միայն այն ժամանակ, երբ բռնություն է տեղի ունեցել, ՔՕ 239-1 հոդվածի հիման վրա: Շեշտը դրվում է նաև սոցցանցերում բացասական մեկնաբանություններին, որոնք մեծ մասամբ պարունակում են քսենոֆոբիա և իսլամոֆոբիա: 

Եթե որպես ատելության լեզվի աղբյուր դիտարկենք սոցիալական ցանցերը կամ լրատվամիջոցները, ապա պետք է արձանագրել, որ ատելություն պարունակող խոսքի դեմ կարող են պայքարել հենց վերոնշյալ ինստիտուտները: Սոցիալական ցանցերում՝ մասնավորապես ֆեյսբուքում, գոյություն ունեն մի քանի տեսակի սահմանափակումներ (կեղծ լուրերի տարածման, ատելության խոսքի, community standarts-ները խախտելու համար), սակայն դրանք չեն գործում մեկնաբանությունների դեպքում, այլ միայն հրապարակումների: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, «Մեդիաչեքերի» (www.mediachecker.ge/) հետ զրույցում մի քանի լրատվամիջոցի ներկայացուցիչներ նշել են, որ մեկնաբանությունների մոնիթորինգը կապված է մեծ ռեսուրսների ու ծախսերի հետ, որը նրանք չունեն: 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում այլատյացությունն էլ ավելի է արմատավորվում Վրաստանում, սրա վառ օրինակ կարող է լինել Կովկասյան բարոմետրի իրականացրած հարցումներից մեկը: Ներքևում ներկայացնում ենք երկու հարցի պատասխաններ՝ ըստ տարիների օրինաչափության: Հարցերից առաջինում ասվում է «Կամուսնանայի՞ք Վրաստանի ազգությամբ հայի հետ», մյուսում՝ «Աշխատանքային հարաբերություններ կունենայի՞ք Վրաստանի ազգությամբ հայի հետ»:

Եվս մեկ հետազոտություն՝ Վրաստանի տեղական «Մեդիայի զարգացման հիմնադրամի» կողմից՝ «Ատելության լեզու խորագրով»: Արդյունքներն ասում են, որ 2020 թվականին հայատյացությունը ավելի բարձր ցուցանիշ է արձանագրել, քան նախորդ տարիներին. 

 

Քսենոֆոբիաների տիպերը. Թուրքոֆոբիա՝ 42,4%; միգրանտների դեմ՝ 34,1%; արմենոֆոբիա՝ 13,2%; ադրբեջանցիների դեմ՝ 10,3%: Աղբյուր՝ MDFgeorgia.ge