Երեկվա օրը համառոտ. մարտի 4

Մարտի 4-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 620 639-ի: Մեկ օրում արձանագրվել է 1 365 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 539 413:

Ըստ Վրաստանի կրթության և գիտության նախարարության կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ Վրաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում առցանց ուսուցման անցնելու հայտադիմում է լրացրել 493 աշակերտ։

Վրաստանի հանրային դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ից և կտևի մինչև մարտի 14-ը։ Դասապրոցեսը կվերսկսվի մարտի 15-ից։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է առաջին դասարանցիների գրանցման ժամկետը և պայմանները։ Ավելի մանրամասն՝ այստեղ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտնում է, որ նախագահ Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին և նախագահին՝ Ուկրաինային ցուցաբերած անսասան աջակցության համար։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 5-ին խորհրդարանում ամենամյա զեկույցով հանդես չի գա։ Խորհրդարանի բյուրոն չի աջակցել նախագահի դիմումին՝ տարեկան ամենամյա զեկույցով խորհրդարանում հանդես գալ վաղաժամ։ Նախագահի ամենամյա զեկույցի օրը նշանակված է ապրիլի 9-ին, ակայն բյուրոյի նիստում նախագահի խորհրդարանական քարտուղարն ասել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծված իրավիճակից ելնելով, ցանկանում է ավելի վաղ՝ մարտի 5-ին հանդես գալ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղիղ միացմամբ դիմել է Ռուսթավելիի պողոտայում հավաքվածներին՝ կոչ անելով չլռել, դուրս գալ փողոց և աջակցել Ուկրաինային։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս նույն օրը դիմել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։ «Այսօր ես կանգնած եմ այնտեղ, որտեղ պետք է կանգնի Վրաստանը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու կողքին»:

Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of Georgia-ն քաղաքացիների սպասարկման հարցում սահմանափակումներ է մտցրել: Բանկի հայտարարության մեջ նշվում է, որ բանկի ծառայություններից չեն օգտվի Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր չեն դատապարտի ռուսական ագրեսիան Վրաստանում և Ուկրաինայում։ Մանրամասն՝ այստեղ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստան Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին լուրերը կառավարության դեմ ապատեղեկատվական արշավի մի մասն են։ Ըստ խորհրդարանի նախագահի՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանը Ռուսաստանի կողմից վաղուց փակ է։

Վրացական և Ուկրաինական 58 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ստորագրել՝ կոչ անելով աշխարհի պետություններին միասնական ուժերով պատասխանել ռուսական ագրեսիային։ ՀԿ-ների հայտարարության մեջ նշվում է, որ 2008 թվականին Վրաստանը ևս դարձել է ռուսական ագրեսիայի զոհ, սակայն «պուտինյան ռեժիմը» մնացել է անպատիժ։

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին Ուկրաինայում է։ Վրացի կամավորների մի խումբ ևս մեկնել է Ուկրաինա՝ վիրավորներին օգնելու և անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Մոտ 50 հոգու հաջողվել է մտնել Ուկրաինա՝ անցնելով Սարփիի (Թուրքիայի հետ սահման) մաքսակետը։ Նրանք Ուկրաինա են մեկնել փետրվարի 28-ին

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը կոչ է արել հանրությանը առավելագույնի հասցնել համախմբումը։ Նրա խոսքով, այսօր Վրաստանին տրվել է եվրատլանտյան ինտեգրման ամենակարևոր հնարավորությունը, որին երկիրը պետք է պատասխանի առավելագույն միասնականությամբ։

«Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգները 30 տարի աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան ապագային։ Կարծում եմ, որ դրան կարելի է հասնել, և դրա համար պետք է իրականացվեն այն բարեփոխումները, որոնք համաձայնության են եկել բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից և որոնք անհրաժեշտ են եվրաատլանտյան ինտեգրման համար։ Հասարակության միասնությունը և բևեռացման հաղթահարումը չափազանց կարևոր են», — ասել է Դեգնանը:

Ըստ ամերիկացի դիվանագետի՝ «Վրաստանի կառավարությունը հստակ էր Ուկրաինային աջակցող իր հայտարարություններում»: Նրա խոսքով, Վրաստանի հստակ հայտարարությունները ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ ամբիոններում Վրաստանի շատ կարևոր արտահայտություններն էին այս կրիտիկական պահին եվրատլանտյան հանրության կողքին կանգնելու առումով:

Մարտի 4-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3,25 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,2744 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը նույնպես արժեզրկվել է 0,6 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը կազմել է 3,6035 լարի։