Բացվում է Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կբացվի այսօր: 

2012-ից մինչև օրս առաջին անգամ նիստը կանցկացվի խորհրդարանի՝ Թբիլիսիում գտնվող շենքում: Այս կերպ խորհրդարանը վերջնականապես ու ամբողջովին կվերադառնա Թբիլիսի:

Հիշեցնենք՝ խորհրդարանը տարիներ շարունակ գործում է միաժամանակ երկու շենքում՝ հանձնաժողովների նիստերը Թբիլիսիում էին անցնում, իսկ լիագումար նիստերը՝ Քութայիսիում: Մեծամասնությունը գտնում է, որ սա հավելյալ չարդարացված ծախս է, ինչը նաև բարդացնում է խորհրդարանի գործունեությունն ու զարգացումը: Ընդդիմադիրներն, ընդհակառակը, գտնում են, որ Քութայիսին պետք է լինի Վրաստանի քաղաքական մայրաքաղաքը: Խորհրդարանը Քութայիսի տեղափոխելը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գաղափարն էր:

Նստաշրջանի սկզբի համար ամենակարևոր թեմաներից մեկը կլինի նախագահի զեկույցը՝ երկրին վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ:

Բացի այդ՝ առաջին անգամ խորհրդարանի ղեկավարը գործունեության մասին հաշվետվություն կներկայացնի: