Վակեում աճուրդի է հանվել Օմբուդսմենի նախկին շենքը

Թբիլիսիի Վակեի թաղամասում՝ Ռամիշվիլիի փողոցի վրա գտնվող Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի) գրասենյակի նախկին վարչական շենքը վաճառվում է պետական աճուրդով։ Գույքի մեկնարկային սեփականաշնորհման գինը 5 մլն 491 հազար լարի է, իսկ աճուրդը կավարտվի օգոստոսի 13-ին։

Պետական գույքի ազգային գործակալության հայտարարած աճուրդի պայմանների համաձայն՝ վաճառվող օբյեկտը ներառում է Թբիլիսիում՝ Նինո Ռամիշվիլիի փողոցի N12 հասցեում գտնվող 674 քառակուսի մետր ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը, դրա վրա տեղակայված հինգ շենք-շինությունները (դրանց թվում՝ երկու ստորգետնյա շինություն), նաև կից շարժական գույքը։

Աճուրդի փաստաթղթերում նշված է, որ շենք-շինությունների տեխնիկական վիճակն անբավարար է: Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի ճարտարագիտական եզրակացության համաձայն՝ շենքում արձանագրվել են բազմաթիվ կառուցվածքային վնասվածքներ:

Փորձաքննության եզրակացությամբ` տարբեր հարկերում առկա են թեք, ուղղահայաց և հորիզոնական միջանցիկ ճաքեր, վնասված են պատերը, միջնապատերը, ծածկի սալերն ու հատակը: Աստիճանավանդակում պատի շարվածքի շաղախը քայքայված է, իսկ աստիճանաթռիչքը պատից հեռացած է մոտ 2 սանտիմետրով: Հայտնաբերվել է նաև երկաթբետոնե կոնստրուկցիաների կոռոզիա, իսկ նկուղում նկատվում են մթնոլորտային տեղումների արտահոսքի հետքեր:

Եզրակացությունում նշված է, որ շենքը կառուցվել է 20-րդ դարի 90-ական թվականներին, գտնվում է թեքության վրա և կառուցվածքի տեսանկյունից կանոնավոր չէ: Շինությունը բաղկացած է ուղղանկյուն բազմահարկ և շրջանաձև 3-հարկանի բլոկներից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշված շենքը լքել է 2018 թվականին: 2021 թվականին անցկացված մրցույթով նրանց համար 9 միլիոն լարիով կառուցվել է նոր գրասենյակ:

Աճուրդին մասնակցել ցանկացողների համար երաշխիքային գումարը կազմում է 549 հազար 100 լարի, իսկ հաղթողը սեփականաշնորհման գումարը պետք է վճարի աճուրդի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում: