Վրաստանում երեխաների 35 տոկոսը դպրոցում երբեք չի սնվել. UNICEF

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) աջակցությամբ «Երեխաների բարեկեցության հարցման» արդյունքները, որն անցկացվել է 2022 թվականի հուլիսից սեպտեմբեր ամիսներին:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների գրեթե 38 տոկոսն ապրում է նյութական և սոցիալական զրկանքների պայմաններում։

Հետազոտության շրջանակներում սահմանվում է երեխայի բարեկեցության ցուցիչը՝ երեխայի նյութական և սոցիալական զրկվածության ինդեքսը։ Սա ենթադրում է ընտանիքի ֆինանսական հնարավորությունների բացակայություն, ինչը թույլ չի տալիս ապահովել երեխայի աճին ու զարգացմանն անհրաժեշտ նվազագույն կարիքները (սնունդ, հագուստ, տարիքին համապատասխան գրքեր, խաղալիքներ և այլն):

Հետազոտությունների համաձայն՝ երեխաների 35 տոկոսը դպրոցում երբեք չի սնվել: Մասնավորապես, ուսումնասիրության մեջ նշվում է, որ դպրոցական ժամերին կերակրելը զգալի խնդիր է, քանի որ երեխաների մեկ քառորդից մի փոքր ավելին (27 տոկոս) ամեն օր սնվում են դպրոցական ժամերին, իսկ երեխաների ավելի քան մեկ երրորդը (34.9 տոկոս) երբեք չեն սնվում դպրոցական ժամերին։

Դպրոցական ժամերին չսնվելը շատ ավելի տարածված է նյութական և սոցիալական զրկվածություն ունեցող երեխաների մոտ (44.9 տոկոս), քան նյութական և սոցիալական զրկանք չունեցող երեխաների մոտ (28.4 տոկոս): Նյութական և սոցիալական անապահով երեխաների շրջանում, որոնք ընդհանրապես սնունդ չեն ստանում դպրոցական ժամերին, ամենահաճախը նշվում են ֆինանսական խնդիրները՝ 37,7 տոկոս: Էական խոչընդոտ է նաև դպրոցի մոտ սննդի օբյեկտի բացակայությունը, որը, ըստ տվյալների, 36.4 տոկոս է կազմում:

Պատճառները, թե ինչու երեխաները դպրոցական ժամերին չեն ուտում, տարբեր են՝ կախված քաղաքից/գյուղից և նյութական զրկանքներից: Գյուղական բնակավայրերում ամենակարևոր պատճառը դպրոցում կամ հարակից տարածքում սնունդ գնելու անկարողությունն է (48 տոկոս): 16 տոկոսը նշել է բավարար միջոցների բացակայությունը։

Հարցումն անցկացվել է 2022 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, որի հիմնական նպատակը Վրաստանում երեխաների բարեկեցության բազմաթիվ չափումների վերաբերյալ տվյալների հավաքումն էր։ Հարցումը ներառել է հարցազրույցներ 1 279 հարցվողների հետ, որոնք տեղեկություն են տրամադրել իրենց տներում ապրող երեխաների մասին (ընդհանուր` 2 438 երեխա):