Բուրճուլաձեն հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարին

Վրաստանի պաշտպանության (ՊՆ) նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկային, հայտնում է ՊՆ-ն:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները։ Բուրճուլաձեն նշել է, որ Լիտվան Վրաստանի կարևորագույն, ուժեղ և հավատարիմ ռազմավարական գործընկերն է։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Լիտվայի միջև համագործակցության կարևորությանը, մասնավորապես՝ համատեղ մասնակցությանը մի շարք նախագծերի ու նախաձեռնությունների։ Կողմերը քննարկել են Վրաստանի հեռանկարներն ու կոնկրետ քայլերը հաջորդ տարի Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Կողմերը կենտրոնացել են սևծովյան տարածաշրջանում կայունության առանցքայնության վրա ու վերստին իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բուրճուլաձեն գործընկերոջը ներկայացրել է պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ չափանիշների հետ համատեղելիության առումով։ Զրույցի ընթացքում անդրադարձել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա ռազմավարական սերտ համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության աճող դինամիկային ու հեռանկարներին։

«Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության կոնկրետ ծրագիր, որը վերաբերում է ռազմական կրթության, կիբերանվտանգության, ռազմավարական հաղորդակցության, պարտադիր զինվորական ծառայության, վիրավոր զինծառայողների առողջության վերականգնման, ազգային պաշտպանության ակադեմիաների միջև փոխանակման այցերին, ինչպես նաև համատեղ վարժանքներին»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բուրճուլաձեն և Անուշաուսկան ստորագրել են Վրաստանի և Լիտվայի միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ համատեղ ամփոփագիր։

Այցի շրջանակներում Լիտվայի պաշտպանության նախարարն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն (JTEC) և ծաղկեպսակ դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշակոթողին։