Մոսկվա մեկնելու համար Խազարաձեն Իվանիշիլիին «Աերոֆլոտի» տոմս է գնել

«Լելո» քաղաքացիական շարժման հիմնադիր, գործարար Մամուկա Խազարաձեն Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի համար «Աերոֆլոտի» տոմս է գնել՝ Մոսկվայի ուղղությամբ: Նրա խոսքով Վրաստանում իրավիճակը կկարգավորվի միայն այն ժամանակ, երբ Իվանիշվիլին լքի երկիրը:

«Նա սովոր է լավ կյանքի, այդ պատճառով բիզնես դասի ավիատոմս եմ ձեռք բերել: Մի քանի օր առաջ Իվանիշվիլիի անամոթ հայտարարությունը լսեցինք այն մասին, որ բյուջեի հաշվին Քութայիսիի օդանավակայանից 35 եվրո արժողությամբ տոմսեր կգնի այն քաղաքացիների համար, ովքեր աշխատատեղ չունեն: Մարդկանց, ովքեր արժանի են մեր երկրում նորմալ կյանք ունենալ, առաջարկում է արտերկրում աշխատատեղ գտնել: Սա պատրաստվում է անել մեր բյուջեով, մեր հարկերով, փաստացի մեր բնակչությանն ասում է՝ Վրաստանն առանց վրացիների»,-ասել է վերջերս քաղաքականություն եկած գործարարը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում՝ ընդգծելով, որ Վրաստանից մոտ 2 միլիոն մարդ այսօր արտագնա աշխատանքի է մեկնել, Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ 10 տարվա ընթացքում Վրաստանում 2 միլիոն աշխատատեղ ստեղծելն ուղղակի անհնար է: Այդ պատճառով առաջարկել է կարճաժամկետ հեռանկարում արտագնա աշխատանքի մեկնածներին վերապատրաստել՝ արտասահմանում նրանց աշխատանքն օրինականացնելու նպատակով: