Մոսկվան գոհ է Վրաստանի հետ ունեցած վիզային ռեժիմից

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կքննարկի  Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հարցը այն բանից հետո, երբ ուկրաինական իշխանությունները նման ռեժիմ մտցնեն ՌԴ քաղաքացիների համար:

Միաժամանակ, Ռուդենկոն հավելել է, որ դիվանագիտական ​​պրակտիկայում այս հարցում ասիմետրիկ արձագանքի դեպքեր կան և որպես օրինակ բերել է Վրաստանը։

«Մենք Վրաստանի հետ ունենք վիզային ռեժիմ, սակայն Վրաստանը չի կիրառում այդ ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։ Նման բան գործնականում տեղի է ունենում, և հայելային ռեակցիան անհրաժեշտ չէ»,- ասել է Ռուդենկոն։

Նշենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահանջում են Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել այն բանից հետո, երբ ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից ռուսների հոսքը երկիր սրվեց։

Նրանց կարծիքով՝ ՌԴ քաղաքացիների նման քանակի մուտքը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։