Մրցույթ Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի երիտասարդների համար

Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունեերի ցանցը (CENN)՝ Եվրոպական միության աջակցությամբ՝ քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի շրջանակներում մրցույթ է հայտարարում Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի մարզերից 18-30 տարեկան երիտասարդների համար: Տեղեկանում ենք CENN-ի ֆեյսբուքյան էջից:

Քաղաքացիական մասնակցության 6-ամսյա վերապատրաստման ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ տեղական մակարդակում սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման գործում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները կվերապատրաստվեն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են նախագծերի մշակումը, քարոզարշավի պլանավորումը և իրականացումը, շահերի պաշտպանությունը, ռեսուրսների մոբիլիզացումը և այլն: Նրանք կաշխատեն մենթորների ու փորձագետների հետ և կմշակեն նախագծեր:

Տեղեկության համաձայն՝ ծրագիրը բաղկացած է 4 մասից՝

  1. քաղաքացիական կրթության ճամբար՝ 2022 թվականի օգոստոսի 8-13-ը,
  2. մենթորություն՝ 2022 թվականի սեպտեմբեր,
  3. ծրագրի ֆինանսավորում և իրականացում՝ 2022 թվականի հոկտեմբեր — 2023 թվականի հունվար,
  4. ամփոփ սեմինար՝ 2023 թվականի փետրվար: