Մուխթարլիի առևանգման հետաքննությունը երկու տարի անարդյունք է ընթանում

Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի անհետացումից երկու տարի է անցել: Վրաստանի ՀԿ-ները կրկին կոչ են անում բոլոր անհրաժեշտ միջոցների օգտագործմամբ արդյունավետորեն ուսումնասիրել լրագրողի առևանգումը, բացահայտել և պատժել մեղավորներին:

Ըստ ՀԿ-ների հայտարարության, Վրաստանի հետաքննական մարմիններում Մուխթարլիի հավանական առևանգման փաստի հետաքննությունը մինչ այսօր անարդյունք է՝ առանց որևէ առաջընթացի:

ՀԿ-ները նշում են, որ երկու պետությունների կառավարություններն արդեն պատասխանել են եվրոդատարանի հարցերին: Նշվում է, որ Վրաստանի կառավարության հարցերը վերաբերել են ինչպես Մուխթարլիի հավանական առևանգմանը, այնպես էլ փաստի վերաբերյալ սկսված հետաքննության արդյունավետությանը:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին Թբիլիսիից ձերբակալել են 2017-ի մայիսի 29-ին: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանք են առաջադրել Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և իրավապահների հանդեպ դրսևորած դիմադրության համար: Ինքը` Մուխթարլին, պնդում է, որ իրեն առևանգել են և տարել Ադրբեջան: Նրա խոսքով, գործին ներգրավված են եղել ինչպես վրացի, այնպես էլ ադրբեջանցի իրավապահներ: