Նաթելաշվիլին Վրաստանում ԱՄՆ դեսպանին «բռնապետ» է անվանել

Վրաստանի լեյբորիստական  կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանին անվանել է «բռնապետ» ու համեմատել նրան «Ռոստոմ խանի» հետ:

«Ոչ Ռոստոմ Խանը, և ոչ էլ Վորոնցով-Դաշկովը Վրաստանի համար այնքան բռնապետ չեն եղել, որքան Թրամփի այս  նվերը: Հետաքրքիր է, թե որտեղ է Բիձինան (Իվանիշվիլին) գտել այդքան հավատարիմ թեկնածուի`այդքան մեծ Ամերիկայում: Վստահեցնում եմ` ընտրությունների կեղծիքները` հատկապես լեյբորիստական կուսակցության դեմ, անձամբ նրա հետ համաձայնեցված են ու նրա հավանությունը ստացած։ Այդ պատճառով նա ամեն ինչ արեց, որ ընդդիմության մի մասին ստիպի ստորագրել խայտառակ վերջնագիրը», — Facebook- ում գրել է կորոնավիրուսով վարակված և ինքնամեկուսացված Նաթելաշվիլին:

Նաթելաշվիլիի կողմից նման վրդովմունքի պատճառ է դարձել իշխող կուսակցության և ընդդիմության միջեւ կնքված պայմանագրի վերաբերյալ Դեգնանի հայտարարությունը (Ըստ ԱՄՆ դեսպանի ՝ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունը քայլ է դեպի առաջ Վրաստանի ժողովրդավարական զարգացման գործում), ինչպես նաև «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ  համաներում կիրառելը:

Հիշեցնենք` Շալվա Նաթելաշվիլիի Լեյբորիստական կուսակցությունը, ինչպես նաև «Միացյալ ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» խորհրդարան անցած այն կուսակցություններն էին, որոնք չստորագրեցին այսպես կոչված` Շառլ Միշելի պայմանագիրը: