ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Թբիլիսիում է

ՆԱՏՕ -ի ռազմական կոմիտեն չորրորդ այցն է կատարել Վրաստան։

«ՆԱՏՕ -ն և Վրաստանն ունեն յուրահատուկ գործընկերություն, որն ավելի է ամրապնդվում», — Վրաստանի պաշտպանության նախարար Խուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպմանն ասել է ՆԱՏՕ -ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը։

Խոսելով ՆԱՏՕ -ի եւ Վրաստանի սերտ կապերի մասին նշել է նաև, որ գործընկերությունը միշտ փոխշահավետ է եղել:

ՆԱՏՕ ռազմական մարմնի ղեկավարը նաև ընդգծել է Կոսովոյում Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելությանը Վրաստանի ներգրավվածության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում ակտիվ գործունեության կարևորությունը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել «ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի» իրականացմանը: Բաուերի խոսքով՝ այս համատեքստում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն էլ ավելի ինտենսիվ է դառնում ոչ միայն ծովային, այլև օդային,  ցամաքային տարածքում և կիբերանվտանգության ոլորտում:

Կոմիտեի ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Վրաստանի ՊՆ նախարարի խոսքով, հանդիպման օրակարգում էին պաշտպանական բարեփոխումները, ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության առաջնահերթությունները, ՆԱՏՕ-Վրաստան նորացված փաթեթի (SNGP) իրականացման առաջընթացը, ինչպես նաև Սև ծովի անվտանգության խնդիրները։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի այցը վերահաստատում է ՆԱՏՕ-ի լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին: