Նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է փախստականներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին ասվում է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ:

Ինչպես նշվում է, հանդիպման ընթացքում Գրանդին և Զուրաբիշվիլին խոսել են նաև Վրաստանի գրավյալ տարածքների մասին: Ֆիլիպո Գրանդին բարձր է գնահատել փախստականներին բնակարաններով ապահովելու մասին Վրաստանի ծրագիրը:

Նշվել է նաև, որ ապաստան հայցողների հարցը և նրանց ինտեգրումը նոր մարտահրավեր է Վրաստանի համար: Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ այդ հարցը լուծվելու է միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: