NDI. Վրաստանի բնակչության 76%-ը կողմ է ԵՄ, 69%-ը՝ ՆԱՏՕ անդամագրվելուն

Վրաստանի բնակչությունը շարունակում  է հստակ աջակցել ԵՄ և ՆԱՏՕ անդամագրվելու գաղափարին. այս մասին  նշված է «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) 2020 թվականի հունիսին  հանրության տրամադրություններն ուսումնասիրող հարցման արդյունքներում:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ չնայած եվրոպական և եվրաատլանտյան կապերի դեմ ուղղված ապատեղեկատվության քարոզարշավներին, Վրաստանի բնակչությունը շարունակում է կայուն կերպով աջակցել ԵՄ (76 տոկոս) և ՆԱՏՕ (69 տոկոս) անդամագրվելուն: Միաժամանակ, ԵՄ անդամագրվելն անընդունելի է բնակչության 8 տոկոսի, ՆԱՏՈ անդամագրվելը՝ 11 տոկոսի համար:

Հետազոտության արդյունքներով՝  հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ Վրաստանն ավելի շատ կշահի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմամբ, իսկ 11 տոկոսը գտնում է, որ Վրաստանն ավելի շատ օգուտ կունենա Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ձևավորելու և  եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրացիայից հրաժարվելու դեպքում: