ՆԳ նախարար Գոմելաուրին հրաժարական է տվել

«Վրացական երազանք»-ի ներքին գործերի (ՆԳ) նախարար, փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել։ Այս կապակցությամբ Գոմելաուրին ուղերձ է հղել:

«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարական տալ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից», — ասված է Գոմելաուրիի անունից հղված ուղերձում։

Գոմելաուրին, «Վրացական երազանք»-ի պաշտոններից հեռացած մյուս պաշտոնյաների նման, շնորհակալություն է հայտնել կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին:

«Պարոն Բիձինա Իվանիշվիլիի վստահությունը ինձ հնարավորություն տվեց ծառայելու իմ երկրին ամենաբարձր պաշտոններում։ Նրա վստահությունն ու օրինակը ինձ հատուկ խթան տվեցին բարեխղճորեն կատարելու իմ աշխատանքը և նպաստելու Վրաստանի պետականության ամրապնդմանը: Ես հավատարիմ եմ մնում իմ երկրին և թիմին։ Մաղթում եմ իմ երկրին և կառավարությանը խաղաղություն, անվտանգություն և բոլոր նպատակների իրականացում։ Հարգանքներով՝ ոստիկանության գեներալ-գնդապետ Վախթանգ Գոմելաուրի», — ասված է Գոմելաուրիի ուղերձում։

Ի դեպ, Արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառել Գոմելաուրիի նկատմամբ:

Գոմելաուրին, որը ղեկավարում էր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի՝ «Վրացական երազանք»-ի հիմնադրի անվտանգության ծառայությունը, առաջին անգամ նշանակվել էր ՆԳ  նախարար 2015 թվականին։ Այնուհետև նա զբաղեցրել է Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2019 թվականին Գոմելաուրին վերանշանակվել է ՆԳ նախարարի պաշտոնում։