Հիշեք Նինո Խոմերիկի անունը

«Շախմատի մասին խոսելիս  ակամայից հիշում ենք  Նոնա Գափրինդաշվիլիին  ու Մայա Չիբուրդանիձեին»,-այպես է սկսվում  «Իմեդի»  հեռուստաընկերության պատրաստած հաղորդումը  շախմատի ու  նրանում արդեն  մեծ հաջողություններ գրանցած երիտասարդ շախմատիստուհու  մասին:

«Հիշեք Նինո Խոմերիկի  անունը.  18 տարեկան այս աղջիկը շատ հնարավոր է, որ վրացական շախմատի պատմության մեջ նոր փառահեղ էջ  գրի»,-ասում է հեռուստանկերության լրագրողը` հիշեցնելով`   9  հաղթանակ  շախմատի  Վրաստանի առաջնությունում,  շախմատի Եվրոպայի կրկնակի  չեմպիոն,  մի քանի օր առաջ էլ  Պրահայից  բերեց եվս  մեկ  հաղթանակ ու  կոչում:

Լրագրողը  նշում է, որ երիտասարդ աղջկա մրցանակները` պատվոգրերը, մեդալները   արդեն չեն տեղեվորվում հատուկ դրա համար առանձնացված անկյունում:

«5 տարեկան էի, երբ  սկսեցի   շախմատ խաղալ:  Առաջին հաջողությունս ոգևորիչ էր`  9 տարեկանում դարձա  շախմատի  Վրաստանի   փոխչեմպիոն, 10-ում`  չեմպիոն: Այդ  ժամանակվանից հաջողություններ շարունակվեցին:  Այս տարի, սակայն,    չմասնակցեցի, որովհետև  շատ  հեշտությամբ  եմ  հաղթում»,- ժպտալով պատմում է  Նինո Խոմերիկին:

Նրա համար շախմատը սոսկ սպորտ չէ. «այն ավելին է»: Ասում է, որ  այն օգնում է կյանքի դժվարությունները հեշտությամբ հաղթահարել:

«Շախմատում  շատ  բան կարելի  է սովորել:  Մտածել,  չշտապել,  լինել հավասարակշռված  և որքան էլ  տարօրինակ  թվա,   պետք  է  ասեմ,   որ  շախմատն ու մեր  կյանքն   իրար  շատ  են  նման» -ասում է երիտասարդ շախմատիստը:

Նա շախմատում իր հաջողությունները կապում է  նաև հոր տված խորհուրդների հետ. Նրանք ամենատարբեր քայլերի շուրջ, ոչ միայն շախմատի,  կարող են  ժամեր շարունակ քննարկումներ անցկացնել:  Վրացական շախմատի վաստակավոր մարզիչ Գիորգի Խոմերիկին  հաղորդման ընթացքում   պատմում է, որ Նինոն  շատ նպատակասլաց է. «Եթե մարդու  մեջ  բացակայում է այսպես ասած մարտական  ոգին,   ապա  նա չի կարող  չեմպիոն դառնալ. առաջին հերթին դա, հետո ուսուցումը և այլն…»:

Նինոն  հաջողությամբ  է  ավարտել  դպրոցը, հետագա  մասնագիտությունը, սակայն,  դեռևս   չի ընտրել:  Ասում է, որ այդ մասին  մյուս տարի կմտածի, իսկ այժմ  պատրաստվում է  սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում   կայանալիք   աշխարհի  առաջնությանը:

Երիտասարդ շախմատիստուհին  խոստովանել է նաև` երբ հեռանա ակտիվ սպորտից,  բիզնեսով է զբաղվելու:

Թողնել պատասխան