«Նապոլին» մտադիր չէ վրացի ֆուտբոլիստին այլ ակումբ ուղարկել

Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբը չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային սեզոնի ընթացքում վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիային այլ ակումբ ուղարկել։

Նեապոլյան ակումբի մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլիի խոսքով, Կվարացխելիան շատ լավ է կատարում իր վրա դրված պարտականությունը։

«Նա փայլուն է խաղում։ Միաժամանակ նա իրեն հիանալի է զգում ակումբում, և այս փուլում նրա տրանսֆերի մասին խոսելն ավելորդ է։ Տրանսֆերային հարցերի մասին չենք էլ մտածում, քանի որ դրա կարիքը չկա։ Նապոլիում այժմ փոխելու կամ շտկելու ոչինչ չկա»,- ասել է Ջյունտոլին։

Ի դեպ, Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել այս տարվա ամռանը։ Վերջերս մի շարք աղբյուրներ հայտնել են, որ 21-ամյա վրացի խաղացողին գնելու ցանկություն ունեն համաշխարհային ֆուտբոլային հսկաները, այդ թվում՝ «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և այլն: