Օգոստոսի 31-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում Ռուսթավիի քաղաքային դատարանի դահլիճից  փախուստի դիմած կալանավորի  լուրն է:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն՝ բանտարկյալին դատարան էին  բերել,  սակայն,  նա մեղադրյալների համար հատկացված սենյակից  կարողացել է փախուստի դիմել: Վրաստանի Ներքին գործերի ու  Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությունները համատեղ ուժերով որոնում են   փախուստի դիմած մեղադրյալին:

«Interpressnews»-ը  անդրադառնալով  դեպքին, փոխանցում է Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարության հայտարարությունը, որի համաձայն,  բանտարկյալը լավ չի զգացել, որից հետո  շտապ օգնություն են կանչել:
«Մեղադրյալը  փախուստի է դիմել այն ժամանակ, երբ շտապ օգնության աշխատակիցները նրան օգնություն էին ցուցաբերելում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

ԶԼՄ-ները  շարունակում են լուսաբանել նախընտրական իրադարձությունները: «Frontnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցումից զրկել է «Կվարացխելիա-Սոցիալիստներ» կուսակցությանը:  Այս հրամանագրի տակ ստորագրել է ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան:

«Kvira.ge» պարբերականը տեղեկացնում է  Իտալիայում եվս մեկ անգամ ստորգետնյա ցնցումների մասին:   Պերուջիա քաղաքում  3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել:  Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Հիշեցնենք, որ Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 268, վիրավորվել 387-ը: Իտալիայի Սեյսմոլոգիական ծառայության տեղեկության համաձայն՝ օգոստոսի 24-ից հետո  Իտալիայում տեղի է ունեցել ավելի քան 3 հազար  ստորգետնյա ցնցում, որոնցից 12-ի ուժգնությունը էպիկենտրոնում  առնվազն 4  մագնիտուդ է կազմել:

«Interpressnews»-ի փոխանցմամբ,  հուլիսին  Վրաստանում ժամկետանց վարկերի թիվը ավելացել է 44.3 մլն լարիով` կազմելով  418.6 լարի:
Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից հրապարակած «հուլիս ամսվա վերանայում» զեկուցի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ազգային արժույթով ստացված վարկերի թիվը ավելացել է 151.7 լարիով՝ կազմելով 5.65մլրդ լարի: Արտարժույթով տրված վարկերը ավելացել են 24.7 մլն ամերիկյան դոլարով և կազմել 4.65 միլիարդ  դոլար: Արտարժույթով վարկերը հիմանակնում տրվել են  իրավաբանական անձանց:

«Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Դավիդ Թարխան-Մոուրավիին  «Օբյեկտիվի» հեռուստաընկերության  եթերում հարցրել են, թե  ինչու է հաճախ հոմոֆոբիկ և քսենոֆոբիկ  հայտարարություններ անում:  Թարխան-Մոուրավին ի պատասխան ասել է, որ  երբեք նման հայտարարություններով  հանդես չի եկել:  Սակայն «Ռուսթավի 2»-ը հիշեցնում է, որ միևնույն  հաղորդման  ժամանակ նա  ասել է, որ Թուրքիան բռնագրավել է  վրացական հողերը` նշելով, որ  այդ երկիրը մինչ օրս  Վրաստանի թշնամին է:
«Թուրքիան մեր թշնամին է»,- հայտարարել է Դավիթ Թարխան-Մոուրավին:
Իր հերթին  Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լևենթ Գումրուչքուն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է, որը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Թողնել պատասխան