Հուլիսի 6-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում տիրող լարված իրավիճակը վրացական մամուլի առաջին էջերում է:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը այս առումով գրում է՝ «Բռնագրավված Աբխազիայում լարվածությունն ավելանում  է: Բռնապետական ռեժիմի հանդեպ դժգոհություններն օրեցօր աճում են: Ցուցարարները բողոքում են Ռուսաստանի ազդեցության ուժեղացման և տեղի վարչակարգի դեմ»:  «Ռուսթավի 2»-ը նշելով, որ աբխազների բողոքը  գոհացնում  է Վրաստանի ՊՆ-ը, մեջբերում է նախարար Թինա Խիդաշելիի  հայտարարությունը. «Սուխումիում տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվայի համար կարևոր ազդանշան են»:  Հեռուստաալիքը հղվելով Աբխազիայի տեղական լրատվամիջոցներին`  տեղեկացնում է, որ ցույցի ժամանակ վիրավորվել է մի քանի մարդ:

Աբխազիայում ստեղծված լարված իրավիճակին է անդրադառնում «Interpressnews» պարբերականը, ընդգծելով, որ  Աբխազիա ժամանած զբոսաշրջիկները հեռանում են: Թեև Աբխազիայի կառավարությունը  հաղորդել է, թե տեղի ունեցող իրավիճակը զբոսաշրջիկների համար վտանգ չի ներկայացնում:

Խորհրդարանական ընտրությունների թեման նույնպես արդիական է, թեև քաղաքական կուսակցություններն ամառվա այս տապին այնքան էլ ակտիվ չեն: «Kvira.ge»-ն տեղեկացնում է, որ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին պաշտոնից հեռանալու վերաբերյալ վարչապետ Գիորգի  Կվիրիկաշվիլիի խոսակցություն չի ունեցել:  Թերթի փոխանցմամբ` Խիդաշելին ասել է,  որ պաշտոնում մնալու դեպքում,  ընտրություններին չի կարող մասնակցել ոչ կուսակցական ցուցակով, ոչ էլ որպես  մեծամասնական թեկնածու:

Վրացական մամուլը անդրադառնում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի` Վրաստան պաշտոնական այցին:  Քերրին վերջին անգամ Վրաստանում է եղել 2008 թվականին` սենատորի կարգավիճակում: Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է՝ պետք է ամեն ինչ անել վրաց-ամերիկյան հարաբերությունները խորացնելու համար:  Կալաձեն կարևորել է  երկու երկրների միջև  ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Այն նախատեսում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն էլ ավելի զարգֆացնել` խորացնելով տարբեր ոլորտներում  համագործակցությունը:

«Սա անվտանգություն է, պաշտպանություն, տնտեսություն, միջազգային հարաբերություններ:  Կարևոր է նաև, որ Ջոն Քերիի այցը տեղի է ունենում մինչ ՆԱՏՕ-ի  վարշավյան գագաթնաժողովը: Սա աջակցության դրսևորում է, ապացույց,  որ մեր երկրների միջև առկա են  ուժեղ հարաբերություններ: Մենք` որպես Վրաստանի կառավարություն, պետք է  էլ ավելի խորացնենք մեր երկկողմ հարաբերությունները»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Գալիում տեղի է ունեցել միջադեպի կանխարգելման և արձագանքման մասին  հանդիպում: Տեղեկացնում է  «News.ge»-ն`   փոխանցելով, որ հանդիպմանը Վրաստանի կառավարության ներկայացուցիչը կրկին բարձրացրել է մայիսի 19-ին Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղում Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզորիայի սպանության հարցը: Վրացական կողմը պահանջել է սպանության մեջ մեղադրվողին  հանձնել Վրաստանին, որպեսզի նա պաստասխան տա Վրաստանի դատարանի առջև:

Թողնել պատասխան