ՆԳ նախարարի թեկնածուն նույնպես քննադատել է նախագահ Զուրաբիշվիլիին

«Ոստիկանին սպանողին համաներում շնորհելն ինձ համար անընդունելի է»,- այսպես է պատասխանել Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու կողմից համաներման միջոցով ազատ արձակված Ռամազ Դևաձեի վերաբերյալ հարցին:

Գոմելաուրիի խոսքով, ծանր հանցանք գործող դատապարտյալներին չպետք է համաներում շնորհվի:

«Իհարկե սա ինձ համար անընդունելի է: Կարծում եմ ծանր հանցանք գործող դատապարտյալներին չպետք է համաներում շնորհվի, առավելևս ոստիկանին սպանողին: Սա իմ անձնական կարծիքն է»,- հայտարարել է Գոմելաուրին:

Հատկանշական է, որ նախագահին այս որոշման համար քննադատել էր նաև Վրաստանի Արդարադատության նախարարի պաշտոնակատար Թեա Ծուլուկիանին:

Հիշեցնենք, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին 34 դատապարյալի համաներում շնորհեց, որոնցից մեկը Ռամազ Դևաձեն է: Նա դատապարտված էր 12 տարվա ազատազրկման՝ Բաթումիում 22 ամյա ոստիականին սպանելու համար:

Հատկանշական է, որ սեպտեմբերի 2-ին Վրաստանի նախագահի նստավայրի դիմաց մի խումբ երիտասարդներ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները նշված համաներման պատճառով բողոքի ակցիա անցկացրեցին: