Գախարիան անդրադառնում է Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպին

Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան անդրադարձել է Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով, մեղադրանք է առաջադրվել երկու կողմի մասնակիցների նկատմամբ:

Նախարարը հայտնել է, որ հետաքննության շրջանակներում որոշակի խնդիրներ են առաջացել, երբ տուժող կողմը չի ցանկացել վկայություն տալ: «ՆԳՆ-ն քննում է գործը: Որքան տեղյակ եմ վկայությունների փուլն այսօր կավարտվի, մեղադրանք կներկայացվի երկու կողմի մասնակիցների նկատմամբ»,- հայտարարել է Գախարիան:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածը սադրանք էր, նախարարը պատասխանել է, որ դա արդեն նշանակություն չունի։ «Սադրանքը չի նշանակում, որ պետք է ֆիզիկական բռնություն գործադրել»,- նկատել է նա:

Ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեին սատարող «Ուժը միասնության մեջ է» քաղաքական միավորման տեղեկատվությամբ, Ախալքալաքիում ծեծի են ենթարկել իրենց 4 ակտիվիստներին: Ըստ ընդդիմության, ընտրական շտաբի վրա հարձակվել է Ախալքալաքիում գործող հանցավոր խումբ, որը ենթարկվում է շրջանից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանին։

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչը նախնական համաձայնությամբ կատարված խուլիգանություն է նշանակում: