Վրաստանում պատվաստման տեմպերը նվազում են, վարակի տարածման օրական ցուցանիշը՝ աճում

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին COVID-19-ի դեմ պատվաստվել է 3 442 մարդ: 

Հոկտեմբերի սկզբից օրական պատվաստումների ցուցանիշը նվազել է, այն չի հասնում 10.000-ի, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունն անհրաժեշտ են համարել օրական մինչև 30,000 պատվաստում: 

Վրաստանում պատվաստման գործընթացը սկսվել է մարտի 15-ին: Մինչ օրս կատարվել է 1,874,845 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է՝ 1.000.785 մարդ, կամ չափահաս բնակչության 35.2%-ը: Լիովին պատվաստվել է՝ 874 060 մարդ, կամ չափահաս բնակչության 30,6% -ը: 

Առաջին փուլում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունը անհրաժեշտ էին համարել պատվաստումային նպատակին հասնելու համար պատվաստել չափահաս բնակչության առնվազն 60%-ին։ Ըստ կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի, սակայն, կորոնավիրուսի ավելի բարդ և վարակիչ «դելտա» տարբերակի լայն տարածման պատճառով 60%-ի փոխարեն պետք է պատվաստվի բնակչության 80%-ը։ 

Գամկրելիձեի խոսքով ՝ փաստն է, որ վերջին 5-6 օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ ավելանում է:

«Առանց պատվաստումների, այս համավարակը չի ավարտվի։ Մենք նորից կունենանք աղետալի հետևանքներ, որոնք առաջին հերթին կազդեն մարդու առողջության վրա, կունենանք մարդկային կորուստներ և երկիրը ստիպված կլինի խիստ սահմանափակող միջոցներ ձեռնարկել», – հայտարարել է Գամղրելիձեն:

Վրաստանում պատվաստումն իրականացվում է կամավոր սկզբունքով՝ անվճար։

Այս պահի Վրաստանում հասանելի են «Pfizer», «Sinopharm», «Sinovac» և «Astrazeneca» պատվաստանյութերը։