Կառավարությունը կփոխհատուցի Բաթումիի ողբերգության հետևանքով տուժածների ընտանիքներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը կփոխհատուցի Բաթումիի ողբերգության հետևանքով տուժած ընտանիքներին:  

«Աջարիայի կառավարությունն ամեն ինչ արել է։ Մենք՝ կենտրոնական իշխանություններս, ևս նրանց կողքին կլինենք, որպեսզի բոլորը ժամանակին ապահովվեն բնակարանով,  միևնույն ժամանակ դրամական փոխհատուցմամբ»,-ասել է Ղարիբաշվիլին: 

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ այսուհետ կխստացվեն շինարարական աշխատանքների վերահսկողությունն ու թույլտվության տրամադրման պայմանները: 

Հոկտեմբերի 8-ին Բաթումիում բազմահարկ շենքը մասնակիորեն փլուզվել է, մի մուտքն ամբողջությամբ՝ քանդվել: Փրկարարները գրեթե 24 ժամ աշխատել են տուժածներին փլատակների տակից դուրս բերելու համար։ Պատահարի հետևանքով փրկվել է մեկ, մահացել՝ 9 մարդ։ 

Շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու փաստով երեք անձի մեղադրանք է առաջադրվել։ Բաթումիի քաղաքային դատարանի որոշմամբ, վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանց սպառնում է 2-ից 10 տարվա ազատազրկում: 

Մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի առնչությամբ Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել: