Վրաստանում սգո օր է

Վրաստանում սգո օր է, իջեցվել են բոլոր պետական կառույցների դրոշները:

Հոկտեմբերի 8-ին Բաթումի քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի առնչությամբ Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել:

Իջեցվել են Վրաստանի խորհրդարանի և նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության և Պետական ​​անվտանգության ծառայության բոլոր վարչական շենքերի դրոշները:

Բաթումիի մայիսի 26 փողոցի 6-հարկանի տան մուտքը հանկարծակի փլուզվել էր: Փրկարարները տեղում աշխատում էին գրեթե 30 ժամ: Փլատակներից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 8 մարմին, որից 3-ը՝ երեխաներ: Եվս մեկ երիտասարդ կին, ում փրկարարները ողջ էին դուրս բերել փլատակների տակից, ավելի ուշ՝ հոկտեմբերի 9-ի առավոտյան մահացել էր հիվանդանոցում: Դեպքից ողջ է մնացել միայն մեկ մարդ՝ 37-ամյա տղամարդը, ում վիճակը բժիշկները կայուն են գնահատում:

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին երեկ երեկոյան հայտարարել է, որ փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները, քանի որ ենթադրվում էր, որ փլատակների տակ ոչ ոք չկա: Գոմելաուրին նաև ասաց, որ կա հետագա փլուզման վտանգ: