Բաթումիում շենք է փլուզվել․ հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը կայուն է

Բաթումիի Մայիսի 26 փողոցում բազմահարկ շենք է փլուզվել, մուտքերից մեկն ամբողջությամբ քանդված է: Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության, փրկարարական և ոստիկանության ջոկատները:

Փրկարարները փորձում են հանել փլատակների տակ մնացած մարդկանց, այս պահի դրությամբ մեկ երեխա վնասվածքներով արդեն տեղափոխվել է հիվանդանոց, մահացածների մասին չի հաղորդվում։ Վերամբարձ կռունկի միջոցով տարհանվում են նաև փլված շենքի հարևանությամբ գտնվող տներից: 

Երեխային տեղափոխել են Բաթումիի Իաշվիլիի անվան կլինիկա, ըստ բժշկի` վիճակը կայուն է:

«Կլինիկա տեղափոխված երեխան 1 տարեկան երեք ամսական է, ունի մակերեսային վնասվածքներ, սրունքոսկրի կոտրվածք։ Այս պահին այսքանը կարող ենք հաղորդել։ Վիճակը ներկայում կայուն է, հետագա հետազոտություններն ու մոնիտորինգը շարունակվում են Շտապ բուժօգնության բաժանմունքում», — ասել է  բժիշկը:

Փլատակների տակից մարդիկ ձայն են տվել՝ «կարող ենք շնչել»։

Բաթումելեբի լրատվականի ուղիղ եթերի ժամանակ էլ փլատակների տակ գտնվողներից  մեկը գրել է՝ «Ես մեծ բետոնի տակ եմ, օգնեք ինձ, բարձրացրեք այն»։

Փրկարարական աշխատանքներն այս պահին շարունակվում են։