Սա միայն «Ռուսթավի 2»-ի հարցը չէ, սա Իվանիշվիլիի հարցն է. Բոկերիա

«Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» խորհրդարանական խմբակցությունը, որը մի քանի ամիս առաջ է ստեղծվել՝ անջատվելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, նույնպես ներկա է Վրաստանի գերագույն դատարանի առջև անցկացվող՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության աջակցության ակցիային:

«Մեր պատմության համար շատ կարեւոր պահ է, սա միայն Ռուսթավի 2-ի հարցը չէ, կամ որեւէ քաղաքական կուսակցության, սա մեկ մարդու՝ Իվանիշվիլիի հարցն է: Կկարողանա՞ արդյոք նա վերահսկել մամուլի ամբողջ տարածքը: Սա հսկա հարված կլինի մեր ժողովրդավարությանը: Եթե նույնիսկ նրան հաջողվի անել այդ, միեւնույն է դա իրեն չի փրկի: Մեր բոլորի շահերից է բխում այն, որ նա չկարողանա հաջողության հասնել»,- ասաց Բոկերիան:

Հիշեցնենք, Վրաստանի գերագույն դատարանում սկսվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով դատական նիստը: Հեռուստաընկերությանն աջակցելու նպատակով դատարանի հարակից տարածքում են հավաքվել հարյուրավոր մարդիկ: Ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի, կոչեր են հնչում նաեւ ընդդիմադիր քաղաքական հայտնի դեմքերի կողմից:

Նախօրեին հեռուստաընկերության աջակիցները հայտարարել էին զանգվածային բողոքի ակցիաներ սկսելու մասին:

Ալիք Մեդիայի նկարահանող խումբն իրադարձությունների զարգացմանը հետեւում է տեղում:

Թողնել պատասխան