2023-ին Վրաստանն ԱՄՆ-ից 126 մլն դոլարի օգնություն կստանա

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատրաստած 2023 թվականի բյուջեի նախագծով՝ Վրաստանին կտրամադրվի 126 մլն դոլարի օգնություն։ 

Այդ գումարի հիմնական մասը՝ 88 մլն դոլարը, կուղղվի Վրաստանում բարեփոխումների խթանմանը և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։ 25 մլն դոլարը կծախսվի Վրաստանի պաշտպանունակությունը բարելավելու համար։ 

«ԱՄՆ օգնությունը կնպաստի Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, եվրաատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև կբարձրացնի դիմակայությունը Կրեմլի վնասակար ազդեցությանը»,- ասվում է պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ օգնությունը բաշխված է հետևյալ կերպ. 

  • Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աջակցություն Վրաստանին (AEECA)՝ 88 025 000 դոլար,
  • Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում` 25 000 000 դոլար,
  • Համաշխարհային առողջապահական ծրագրեր USAID (GHP-USAID)՝ 5 000 000 դոլար,
  • Թմրամիջոցների դեմ պայքարի և օրենքի կիրառման միջազգային կազմակերպություն (INCLE)՝ 4 400 000 դոլար,
  • Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում (IMET)՝ 1 750 000 դոլար,
  • Հակաահաբեկչության, ականազերծման և հարակից ծրագրեր (NADR)՝ 1 100 000  դոլար։