Երեկվա օրը համառոտ. ապրիլի 5

Ապրիլի 5-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 մլն 650 հազար 8-ի: Մեկ օրում արձանագրվել է 578 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 3 մարդ, ընդհանուր՝ 16 761։

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ Pfizer պատվաստանյութերի լրացուցիչ չափաբաժիններն երեկ առավոտյան Վրաստան են բերվել, շուտով բաշխումը կիրականացվի և կվերսկսվի Pfizer-ով պատվաստումների գործընթացը։ Փոխնախարարի խոսքով՝ բնակչության 65 տոկոսը պետք է պատվաստված լինի մինչև ամառ: 

Վրաստանում իրավապահները ձերբակալել են 2 անձի, ովքեր 150 (մոտ 50 ԱՄՆ դոլար) լարիի դիմաց պատվաստումների բազայում գրանցել են չպատվաստված քաղաքացու։ Ձերբակալվածներից մեկը բուժքույր է, ով Թբիլիսիի բուժհաստատություններից մեկում պատվաստումներ էր իրականացնում։ 

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, այս փուլում պատվաստումների գործընթացը խրախուսելու նպատակով տրվող գումարի ավելացում չի նախատեսվում։  

Վրաստանի առողջապահության նախարարությունը բարեփոխումներ է իրականացրել դեղերի շրջանառման ոլորտում՝ քաղաքացիներին որակյալ և մատչելի դեղամիջոցներ տրամադրելու նպատակով, ավելին՝ այստեղ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունելով հյուրերին` փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ դիրքորոշումն արտահայտված է նաև Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում:

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ 

Ադրբեջանի արտգործնախարարը շնորհավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին՝ նշանակման կապակցությամբ։

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ի պատասխան Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ուղղված Վրաստանին, հայտարարել է, որ Վրաստանի հասարակությունը կանգնած է միջազգային հանրության կողքին: 

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել է Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և մաքսանենգությանը չմիջամտելու գործում:

Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովին հրավիրել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։ Ըստ ԱԳՆ-ի՝ ուկրաինական ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ վրացական կողմը մտահոգություն է հայտնել ուկրաինական կողմի տարածած տեղեկատվության առնչությամբ, որ Վրաստանի հատուկ ծառայությունների և ՌԴ համապատասխան ծառայությունների միջև առկա են գաղտնի կապեր:

Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ Ուկրաինայի Բուչա քաղաքից ստացվող լուրերի մասին։ Պատրիարքարանն իր ցավակցությունն է հայտնել՝ նշելով, որ աղոթում են խաղաղ բնակիչների հոգիների հանգստության համար։

Երեկ՝ ապրիլի 5-ին կայացել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական դատավարությունը՝ պետական բյուջեից խոշոր գումարի յուրացման գործով, որի ժամանակ Սաակաշվիլին խոսել է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին: Վրաստանի երրորդ նախագահը հայտարարել է, որ մինչ Ուկրաինան պատրաստվում է հաղթանակի, Վրաստանում պատրաստվում են երկիրը հանձնել օկուպանտներին։ Մանրամասն՝ այստեղ:

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանին միանալու ցանկության վերաբերյալ հանրաքվեի ընթացակարգերին նախապատրաստվելու նպատակով՝ Ցխինվալիի կառավարությունը պետք է դիմի Գերագույն դատարան։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ կարևոր է ավելացնել ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների՝ Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային տրվող աջակցությունը, քանի որ նրանք խոցելի են Ռուսաստանից եկող վտանգի նկատմամբ։

«Ակտիվացնելով մեր քաղաքական և գործնական աջակցությունը՝ մենք կօգնենք մեր գործընկերներին ամրապնդել դիմադրողականությունը և կանխել ապագայում ցանկացած ագրեսիա»,- ասել է Ստոլտենբերգը։

Վրաստանում այն երեխաները, որոնց 6 տարեկանը կլրանա մինչև հոկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան դպրոց հաճախել։ 

Եվ վերջում՝ ապրիլի 5-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,45 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,0857 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 1,76 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3822 լարի։