Կնորոգվի՞ Սադախլո-Ծոփի-Աղքյորփի միջպետական ճանապարհը․ մրցույթը հայտարարվեց

Վրաստանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է։

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից «Ալիք մեդիային» տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ կվերականգնվի ճանապարհի 6 կմ հատվածը:

«Այս պահին ընթանում են «Սադախլո-Ծոփի-Աղքյորփի (ՀՀ սահման) միջպետական ճանապարհի ԿՄ3-ԿՄ8 հատվածի վերականգնման աշխատանքների» մրցույթի ընթացակարգերը, մասնավորապես հետաքրքրված ընկերությունների ընտրությունն ու գնահատումը», — մեզ հետ զրույցում ասացին վարչությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնողական աշխատանքների նախագիծը պարունակում է 6,28 կմ հատվածի ճանապարհաշինությունը, սակայն քարուքանդ վիճակում է մոտ 20 կմ հատվածը:

Մառնեուլիի Սակրեբուլոյի Աղքյորփի, Չանախչի և Ուլյանովկա գյուղերի պատգամավոր Արամ Կարապետյանի խոսքով, նախընտրական այս շրջանում, երբ Մառնեուլիիում գարնանը տեղի կունենան գամգեբելիի (շրջանի ղեկավար) ընտրություններ, ճանապարհի վերականգնումն ավելի իրական է դարձել։

«Վերանորոգվելու է ճանապարհի հավանաբար 8-8,5 կմ հատվածը, ինչպես նաև նշված ճանապարհին գնվող կամուրջը, որը վերջին անգամ վերանորոգվել է մոտ 30 տարի առաջ», — ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք՝ Ճանապարհի վերականգման նախագիծն օրակարգում է դեռևս 2014 թվականից, այն ամեն տարի թարմացվում է, սակայն երկար սպասված մրցույթը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերի վերջին միայն: Մրցույթի արդյունքները սպասվում են առաջիկա օրերին։ Նախագծի արժեքը կազմում է 3 մլն 947 հազար 749 լարի, իսկ իրականացման ժամկետը՝ ութ ամիս:

Սադախլո-Ծոփ-Աղքյորփի ավտոճանապարհի Վրաստանին պատկանող վերջին գյուղը ՀՀ-ին սահմանակից Աղքյորփի գյուղն է: Այն Սադախլոյից 20, իսկ վարչական կենտրոն Մառնեուլիից շուրջ 60 կմ հեռավորության վրա է գտնվում: Սադախլոյից դեպի Աղքյորփի ճանապարհն է, որ գտնվում է քարուքանդ վիճակում դեռևս խորհրդային միության տարիներից: Նշված ճանապարհը մոտ տասը գյուղի համար շրջկենտրոնին կապող միակ ճանապարհն է:

Կարապետյանը հավաստիացնում է, որ բացի այս ճանապարհի վերականգնումը, ընթացիկ տարում բազմաթիվ այլ նախագծեր են նախատեսված տարածաշրջանի համար: Դրանք հիմնականում կիրականցվեն կառավարության նախաձեռնած «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում։

Ճանապարհի վերականգնումը տարածքի բնակիչներին անհրաժեշտ է օդի ու ջրի նման․ մեզ հետ զրույցում Աղքյորփի գյուղի բնակիչները հույս են հայտնել, որ ճանապարհներն ասֆալտապատելուց հետո շրջկենտրոնի ու մայրաքաղաքի հետ գյուղի կապը հաստատուն կլինի, մարդիկ հնարավորություն կունենան բերքն առանց խնդրի իրացնել։ Նրանք կարծում են, որ ճանապարհի թեև փոքր հատվածի վերականգնումը կյանքը կհեշտացնի իրենց կյանքը:

Ախքյորփիի մասին նախորդ հոդվածը՝ 20 կմ ճանապարհ և հարյուրավոր խնդիր