20 կմ ճանապարհ և հարյուրավոր խնդիր. աղքյորփեցիները բարեկարգ ճանապարհի հույս չունեն

Խոստումներ, խոստումներ, խոստումներ… հույսները կորցրած Աղքյորփի գյուղի բնակիչները բոլոր խնդիրները կապում են քարուքանդ ճանապարհի հետ, որը ի դեպ գյուղը շրջկենտրոնին կապող միակ ճանապարհն է:

Հիշեցնենք, Աղքյորփի գյուղը վարչական կենտրոն Մառնեուլիից շուրջ 60 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ մայրաքաղաք Թբիլիսիից՝ շուրջ հարյուր կիլոմետր։

Աղքյորփեցիները համոզված են, որ ճանապարհներն ասֆալտապատելուց հետո շրջկենտրոնի ու մայրաքաղաքի հետ Աղքյորփիի կապը հաստատուն կլինի, մարդիկ հնարավորություն կունենան բերքն առանց խնդրի իրացնել, ապրելը` հեշտ կդառնա: Սակայն, ժամանակի հետ մարում է գյուղացիների վերջի հույսն էլ… «երազանք է դարձել նորմալ ճամփով գեղ հասնելը», — ասում են Աղքյորփեցիները:

Մոտ երեք ամիս առաջ, հունիսի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Մառնեուլի շրջանի հայկական գյուղեր այցն սկսեց հենց Աղքյորփի գյուղից: Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էին Մառնեուլիի շրջկենտրոնի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն և Մառնեուլիի շրջանի Սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահ Ամիրան Գիորգաձեն:

Հենց այցի ժամանակ էլ դեսպան Սադոյանի՝ Աղքյորփի, Չանախչի և մի շարք գյուղերում հանդիպման ժամանակ Զաուր Տաբատաձեն ասաց, որ ճանապարհի շինարարության նախագիծն արդեն պատրաստ է և սեպտեմբեր ամսից կսկսվեն շինարարական աշխատանքները… արդեն հոկտեմբերն է, անցել է երեք ամիս, նախագիծն էլ կա, սակայն դեռ նույնիսկ մրցույթ չի հայտարարվել՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար ընկերություն ընտրելու նպատակով:

Նախագիծը հասանելի է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի պաշտոնական էջում դեռևս 2014 թվականից և այս տարի ևս թարմացվել է: Նախագծի ֆինանսավորումը կատարում է համաշխարհային բանկը՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի հետ համագործակցությամբ: Զարմանալի է, որ շրջկենտրոնի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը «Ալիք մեդիայի» հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչ փուլում է գտնվում նախագիծը:

«Միջպետական նշանակության Սադախլո-Ծոփ-Աղքյորփի (ՀՀ սահման) ավտոճանապարհի ԿՄ6-ԿՄ8 հատվածի վերականգնողական աշխատանքներ» նախագիծը պարունակում է 6.28 կմ հատվածի ճանապարհաշինությունը, ինչը, թերևս 20 կմ-ի համար շատ քիչ, սակայն, ըստ սահմանամերձ գյուղի բնակիչների, «էլի բան է»: Շինարարական աշխատանքների տևողությունը նախագծով սահմանված է վեց ամիս:

Սույն թվականի հուլիսի 16-ին նախագծի հետ կապված ավտոճանապարհային դեպարտամենտի շրջակա միջավայրի անվտանգության ներկայացուցիչ Մայա Վաշակիձեն հանրային քննարկում է անցկացրել, որին ներկա են եղել Խոժոռնի, Գյուլուբաղ, Ծոփ, Չանախչի և այլ գյուղերի ներկայացուցիչները, այդ թվում Աղքյորփի գյուղի պատգամավոր Արամ Կարապետյանը և գյուղապետ (գամգեբելի) Զաալ Նադիրաձեն:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Մայա Վաշակիձեն նշեց, որ հանդիպումը վերաբերել է միմիայն շրջակա միջավայրի անվտանգության հարցերին և, որ ինքը նախագծի մասին որևէ հստակ տեղեկություն տալու իրավասություն չունի: Իսկ փաստաթղթում նշված է, որ ճանապարհաշինարարական աշխատանքները կսկսվեն մրցույթ հայտարարելուց հետո:

Ինչքա՞ն ժամանակ է պետք մրցույթ հայտարարելու համար: Եթե ճանապարհաշինության նախագիծը կա դեռևս 2014 թվականից և ամեն տարի նորացվում է, իսկ մրցույթ մինչ օրս չի հայտարարվել:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 2-ին գյուղում ճանապարհի նորոգման որոշ աշխատանքներ են տարվել։ Շրջանի ղեկավարությունը թեև խստացել էր, որ այս տարի գյուղամիջյան 9 կմ ճանապարհը՝ հիմնականում վերելքները, կբետոնապատվեն, սակայն նորոգման աշխատանքները սահմանափակվել են հարթեցմամբ և քարեր լցնելով: Այս հարցի վերաբերյալ «Ալիք մեդիայի» հետ զրույցում Աղքյորփիի գյուղապետը ասաց, որ «բյուջեից բետոնապատման համար նախատեսված գումարը դուրս է գրվել և աշխատանքները կանցկացվեն հաջորդ տարի»:

Գյուղից օրումեջ ավտոբուս է գնում Մառնեուլի. դա է գյուղը Մառնեուլիին կապող միակ տրանսպորտը: Ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ նույնիսկ ամենօրյա ռեժիմով տրանսպորտ չի աշխատում: Դեռ 2015 թվականին, երբ Աղքյորփի գյուղին շրջանը ավտոբուս հատկացրեց, հայտարարվեց. «ավտոբուսը կաշխատի ամենօրյա ռեժիմով, որպեսզի գյուղացիները կապ ունենան շրջանի հետ»: Ավտոբուսի սակագինը սկզբնական շրջանում 3 լարի էր, բայց քանի որ «ձեռք չէր տալիս», սակագինը դարձավ 4 լարի, իսկ ավտոբուսն էլ սկսեց աշխատել օրումեջ, բավական ուղևոր չունենալու պատճառով:

Հարց է ծագում, թե ու՞մ պետք է ձեռք տար պետական ավտոբուսի աշխատանքը, եթե դա տրված է լեռնային շրջանում գտնվող գյուղերին, և այդ ավտոբուսից օգտվում է 4-5 գյուղի բնակիչ և ավելին: Ավտոբուսի վառելիքը և մնացած ծախսերը հոգում է «Մառնեուլիի ավտոպարկը», վարորդի աշխատավարձն էլ պետական բյուջեից է: Պետությա՞նը պետք է ձեռք տար, թե ինչքան եկամուտ կունենա ժողովրդի հաշվին:

Նյութի վրացական տարբերակը հետևյալ հղումով՝ http://www.aliq.ge/ge/tslobith/


(Լուսանկարներում Աղքյորփիի գյուղամիջյան ճանապարհներն են, վերանորոգումից հետո):