Վրաստանի ՔԿՀ-ների 5 նախկին պաշտոնյա է ձերբակալվել

Վրաստանի դատախազությունը բանտարկյալների հանդեպ նվաստացուցիչ և ոչ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով ձերբակալել է Գլդանիի 8-րդ և Ռուսթավիի 6-րդ քրեակատարողական հիմնարկների 5 բարձրաստիճան նախկին պաշտոնյայի:

Դատախազ Կոկա Կացիտաձեի հայտարարության համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ  2011-2012 թթ․ քրեակատարողական հիմնարկի 8-րդ հաստատության իրավական ռեժիմի բաժնի պետի գլխավորությամբ մի  խումբ աշխատակիցներ  պատժելու և ահաբեկման նպատակով ծեծի են ենթարկել  բանտարկյալներին՝ ցուցաբերելով  նվաստացնող ու անմարդկային վերաբերմունք:

Դատախազության տեղեկատվությամբ,  դաժան վերաբերմունքի փաստերի վերաբերյալ հարցաքննվել է մոտ 800 բանտարկյալ:

Վրաստանի դատախազության կողմից 2012թ․-ից հետո բանտարկյալների հանդեպ դաժան վերաբերմունքի փաստով քրեական հետապնդում է իրականացվել քրեակատարողական համակարգի 72 աշխատակցի, այդ թվում ՔԿՀ-ի 8 տնօրենի և 7 փոխտնօրենի նկատմամբ:

«Անօրինական կերպով բանտարկյալները զրկվել են զբոսնելու, հեռախոսազանգեր կատարելու, նամակագրության, ինչպես նաև բժշկական ծառայությունից օգտվելու իրավունքից: Սահմանափակվել է նաև նրանց քնի և հանգստի ժամանակը»,- ասված է հայտարարությունում:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 1-443–րդ հոդվածի 2 կետի «Ա», «Բ», «Գ», «Դ» և «Զ» ենթակետերի հատկանիշներով, ինչը ենթադրում է 4-6 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան