Ս. Օհանյան. Հայաստանը ձգտում է զերծ մնալ ռուս-թուրքական հակամարտության ուղիղ ազդեցությունից

Ամերիկյան հեղինակավոր Jane’s Defence Weekly շաբաթաթերթը ծավալուն հարցազրույց է հրապարակել Հայաստանի  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: 

«2014թ. կեսերից Հայաստանը  հայտնվել է  Ադրբեջանի հետ զինված առճակատման նոր փուլում. հայերով  բնակեցված Լեռնային  Ղարաբաղում երկու երկրները տարբեր նպատակներ են հետապնդում»,-ասել է  ՀՀ  ՊՆ  Սեյրան Օհանյանն` ամերիկյան հեղինակավոր  «Jane’s Defence Weekly» շաբաթաթերթին տված հարցազրույցում:

Թերթը հիշեցնում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայքնով ապրիլի 2-ից  5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունները 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից հետո  ամենալայնամասշտաբ  էսկալացիան էր,  երբ   կիրառվեց  ծանր   ռազմատեխնիկա, այդ թվում հրետանի, օդուժ:  Քառօրյա պատերազմը երկու կեղմից ավելի քան  200  մարդու կյանք խլեց:

Օհանյանի կարծիքով`  «Ապրիլյան պատերազմի արդյունքում ստեղծված նոր  իրականությունը խաղաղ բանակցություններն այս պահին անհնարին է դարձնում. երկխոսությունը կարող է շարունակվել Ղարաբաղում անվտանգություն ապահովելուց հետո միայն»:

ՀՀ Պաշտպանության նախարարի  պարզաբանմամբ` Հայաստանի նպատակը զոհերի թիվը  նվազագույնին հասցնելն է` «խաղաղություն պարտադրելով»`  ի վերջո երխոսության համար համապատասխան պայմաններ ստեղծելը, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունը նպատակ ունի ավելացնելով հայկական կողմի զոհերի թիվը` բանակցությունների ընթացքում հնարավորություն ստանա զիջումների հասնել:

Պարբերականի  գնահատմամբ`  2014-2015 թթ. ընթացքում երկու կողմերից ընդհանուր առմամբ  զոհվել է  170 զինծառայող, այդ թվում 11 հայ և 3 ադրբեջանցի խաղաղ բնակիչ:  1994 թ. լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո  հակամարտության պատճառով  տարեկան զոհվածների տարեկան թիվը  տատանվում էր 20-30-ի միջև:

Հայաստանի ՊՆ նշել է, որ միջազգային միջնորդությամբ հրադադարի ռեժիմի  վերականգնման նպատակով, հայկական կողմը  կոչ է անում  ներդնել  վստահության հետաքննության մեխանիզմներ:  Նման մեխանիզմի ներդման մասին առաջարկ է եղել նաև  1995թ., որին աջակցել  են և Ֆրանսիան, և  Ռուսաստանը, և  ԱՄՆ-ը, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ նախաձեռնությունից:

Բացի այդ, Սեյրան  Օհանյանն ասել է, որ համակամարտության  խաղաղ կարգավորումը  չի սպասվում այնքան ժամանակ, մինչև  «Ադրբեջանում տեղի  չունենան արմատական փոփոխություններ`  այդ թվում քաղաքացու իրավունքների պաշտպանության, նրա  ապրելու, արարելու ու ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու  հարցում»:  

«Հայաստանը քաղաքական դաշտում հիմնվում է ռազմական և դիվանագիտական միջոցների համադրության վրա`  ռազմավարական զսպվածության համակարգի շնորհիվ նվազեցնելով  լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը»,-ասել է Օհանյանը  Jane’s Defence Weekly-ին տված հարցազրույցում` անդրադառնալով նաև մյուս հարևանների`Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններին:

Հայաստանը ձգտում է նաև զերծ մնալ  ռուս-թուրքական հակամարտության ուղիղ ազդեցությունից:  Գրում է պարբերականը, ընդգծելով,  իսկ  Թուրքիան  հրաժարվում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` շարունակելով  աջակցել Ադրբեջանին:  Անցած տարվա հոկտեմբերին,  երբ ռուսական ինքնաթիռը Սիրիայից մտավ Թուրքիա,   թուրքական երկու ռազմական ուղղաթիռներ  հայտնվեցին  Հայաստանի օդային  տարածքում:  Սակայն  Հայաստանը  ընդունեց Թուրքիայի բացատրությունը`  «վատ եղանակը»:

Հայ-թուրքական երկկողմ շփումները  բավականին ջերմ են,  և  Օհանյանի  բնութագրմամբ` «նույնիսկ Հայաստանի ու Թուրքիայի պաշտպանության ծառայություների ուղիղ հաղորդակցության բացակայության դեպքում,  հայ և թուրք  սպաները  բավական լավ շփումներ են ունենում` ՆԱՏՕ-ի տարաբնույթ ծրագրերի շրջանակներում»:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ համագործակցությանը`  թերթը հիշեցնում  է, որ  Ռուսաստանը շարունակում է  իր  ռազմական ներկայությունը պահպանել Հայաստանում`  մնալով  Հայաստանի  անվտանգության հայեցակարգի  առանցքային տարրերից մեկը: Միևնույն ժամանակ Հայաստանը չի նվազեցնում իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ,  չնայած 2014 թվականից   Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զգալիորեն  վատթարացել են:  Բացի այդ հայ խաղաղպահաները ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ շարունակում են առաքելություն իրականացնել Կոսովոյում,  Աֆղանստանում,  ընթանում է նաև Հայաստան-ՆԱՏՕ  Անհատական գործընկերության գործողությունների` թվով չորրորդ ( 2014-2016թթ.) ծրագիրը (IPAP), իսկ ՀՀ  ԶՈՒ-ի ներկայացուցիչները    վերապատրաստվում են  Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Թուրքիայից բացի, որն  Ադրբեջանի  զենքի գլխավոր մատակարարն է,  ՆԱՏՕ -ի անդամ  գրեթե մյուս  բոլոր երկրները  հրաժարվել են  Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք վաճառել:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույցում կարևորել է  նաև պաշտպանական ոլորտում Վրաստանի հետ համագործակցությունը.  «Հայաստանը հարգում է Վրաստանի եվրաատլանտյան ընտրությունը:   Դա ցանկացած  երկրի սուվերեն իրավունքն է»,-ասել է Օհանյանը Jane’s Defence Weekly շաբաթաթերթի  թղթակից Էմիլ Սանամյանի  հետ  զրույցում:

Իսկ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները, ըստ Օհանյանի  սահմանափակ էին «միջազգային պատժամիջոցների  և որոշ  պարտավորությունների» պատճառով: Սակայն նախարարի խոսքով` աժմ  Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը  Հայաստանին  հույս է ներշնչնում` ընդլայնել հայ-իրանական հարաբերությունները, այդ թվում և ռազմական ոլորտում:

Օհանյանը հույս է հայտնել, որ սպառազինություն  ձեռք բերելու նպատակով  Ռուսաստանի  տրամադրած  200  մլն  դոլար  վարկը  կօգնի  «զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները»:

«Կասկածից վեր է, որ  տարածաշրջանի  մասշտաբով Ադրբեջանը հսկայական գումարներ է հատկացնում  պաշտպանական ոլորտին,  սակայն ռազմադաշտում երևում  էր, որ   ծախսված գումարներն անտեղի էին. հայկական զինուժը ակնհայտ առավելություն ուներ»,-ասել է Օհանյանը`  հավելելով, որ  ռազմական հզորությունը մի շարք գործոններից է կախված,  որտեղ զինամթերքը   ընդամեն մի  մասն  է և շատ հաճախ ոչ ամենակարևորը:

Թողնել պատասխան