Ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատության մեջ է

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերի ապօրինաբար ձերբակալած Լևան Պետրիաշվիլին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):

ՊԱԾ-ի փոխանցմամբ՝ Լևան Պետրիաշվիլիին անօրինական կալանքից ազատելու գործընթացում ակտիվորեն կիրառվում էր «թեժ գծի» մեխանիզմը։

«Անօրինական կալանքից նրա անհապաղ ազատման հարցը պարբերաբար բարձրացվել է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) և Ժնևի միջազգային քննարկումների ձևաչափերով։

Վրաստանի կենտրոնական իշխանությունը մշտական ​​հիմունքներով տեղեկատվություն է տրամադրել միջազգային գործընկերներին։ Կենտրոնական իշխանությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական ձերբակալված Վրաստանի բոլոր քաղաքացիների ազատ արձակման ուղղությամբ»,- նշված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Նրանց պնդմամբ՝ օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր սադրիչ գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը:

Հիշեցնենք՝ Պետրիաշվիլին ձերբակալվել էր մայիսի 15-ին օկուպացիոն բաժանարար գծի մոտ։ Հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, Պետրիաշվիլիի պատճառով օկուպացված տարածք է մտել նրա ընկերը՝ Արչիլ Բասանիձեն, որը նույնպես ձերբակալվել և տեղափոխվել էր Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի քննչական մեկուսարան։ Ցխինվալիի դատարանը Պետրիաշվիլիին և Բասանիձեին նախնական կալանք էր սահմանել մայիսի 29-ին: Բասանիձեն ազատ էր արձակվել հոկտեմբերի 15-ին։