Գերիների վերադարձի համար Թբիլիսին կօգտագործի բոլոր մեխանիզմները 

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) միջազգային մեխանիզմներով կպաշտպանի Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից գերեվարված Վրաստանի երկու քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

ԱԳՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Գ.Գ.-ի և Գ.Շ-ի գերեվարվելու մասին տեղեկացել են բաց աղբյուրներից:

«Վրացական կողմը կօգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջազգային մեխանիզմները, այդ թվում՝ Միջազգային կարմիր խաչի կազմակերպությանն ու Շվեյցարիայի Համադաշնությանը` որպես միջնորդ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև, պաշտպանելու համար Վրաստանի քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները»,- radiotavisupleba.ge-ին հայտնել են ԱԳՆ-ից:

Ի դեպ, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ռուս զինվորականները Ուկրաինայի կողմից կռվող երկու վրացի կամավորի են գերեվարել: Գերի ընկած Վրաստանի քաղաքացիներին ռուսական ԶԼՄ-ն վարձկան է անվանում, տարածել է նրանց հարցաքննության տեսանյութը։ Ըստ տեսանյութի՝ կարելի է ենթադրել, որ նրանք ռուսերեն գրված տեքստ են կարդում։