Երեկվա օրը համառոտ. փետրվարի 10

Փետրվարի 10-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 398 059-ի: Մեկ օրում արձանագրվել է 22 444 նոր դեպք: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 13 245 պացիենտ:

Վրաստանում փետրվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ իրականացվել է 2 764 352 պատվաստում։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 341 732 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,7%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափով) պատվաստվել է 1 230 594 քաղաքացի կամ չափահաս բնակչության 42,8%-ը։ Հատկանշական է, որ 189 558 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դեղաչափով։

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփում ունեցած քաղաքացիների մեկուսացման ժամկետները կրճատվում են։ Կորոնավիրուսի առանց ախտանշանների և թեթև ընթացքի դեպքում հետևյալ հաստատություններում աշխատող անձանց համար անձնակազմի պակասի դեպքում գործատուի ցանկությամբ մեկուսացումն ավարտվում է վարակի հաստատումից հետո 6-րդ օրը։ Ավելին՝ այստեղ:

Փետրվարի 10-ի օրվա թեման էր Վրաստանի իշխանական TV Imedi հեռուստաընկերության եթերում փետրվարի 9-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ մածունի արտահանման սահմանափակման անդրադարձը: Թողարկման ժամանակ հետևի ֆոնին ցուցադրված կադրերում շշի վրա վրացերենով գրված է «մացուն», դրա վերևի հատվածում հայատառ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», իսկ ներքևի մասում՝ «Տոլման նույնպես ադրբեջանական է»:

Ավելի ուշ՝ Վրաստանի իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունը «Քրոնիկա» լրատվական թողարկման եթերում «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է» գրության համար ներողություն էր խնդրել՝ տարածելով հետևյալ հայտարարությունը.

«Քրոնիկա»-ի 20:00-ի թողարկման ընթացքում սխալ է թույլ տրվել, մասնավորապես, «Վրացական Մածոնին ընդդեմ Մացունի» ռեպորտաժում, կիրառված լուսանկարի գրությունը չի համընկնում բնօրինակի հետ։

Թեմային անդրադարձել էր նաև Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված խնդրահարույց և անընդունելի գրությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում էր, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Թբիլիսիում աուտիզմ ունեցող երեխաների վերականգնման մունիցիպալ ծրագիրը սպասարկում է 1 375 երեխայի և դեռահասի։ Ըստ Կալաձեի՝ 2015 թվականից ծրագրային բյուջեն աճել է 12 անգամ։

Ներկայումս մեկ շահառուի ֆինանսավորման համար տրամադրվում է 4800 լարի (1640 դոլար) (տարեկան մոտ 1600 լարի), իսկ ամեն ամիս ֆինանսավորվում է կոմպլեքսային թերապիայի 20 սեանս։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ քաղաքի տրանսպորտային բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չի։ Ըստ քաղաքապետի՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Հարցին, թե ինչու է հետաձգվել գործընթացը, այն դեպքում, երբ ծրագիրը պետք է պատրաստ լիներ 2020 թվականի գարնանը, Թբիլիսիի քաղաքապետը պատասխանել է, որ համավարակի պատճառով որոշակի ուշացումներ են եղել։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է 18-ից 36 տարեկան Վրաստանի քաղաքացիների հավաքագրումը պայմանագրային մասնագիտական զինծառայության համար։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գրանցումը հնարավոր է ինչպես առցանց, այնպես էլ թեժ գծի միջոցով: ՊՆ-ից պարզաբանում են, որ հաշվառումից հետո անձինք 8-շաբաթյա զինվորական պատրաստություն կանցնեն, որի ընթացքում կստանան 500 լարի (170 դոլար) աշխատավարձ, այնուհետև չորս տարով կզորակոչվեն ծառայության և կբարձրացվեն նրանց աշխատավարձերը։

Վրաստանի ընդդիմադիր «Լեյբորիստական ​​կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին որոշել է վերադառնալ խորհրդարան, սակայն փետրվարի 15-ին օրենսդիր մարմինը, ամենայն հավանականությամբ, կքվեարկի նրա լիազորությունների դադարեցման օգտին։ Կուսակցությունը Նաթելաշվիլիի խորհրդարան մտնելու որոշումը կայացրել է երեկ կայացած նիստում, որին նախորդել է սոցիալական ցանցերում Նաթելաշվիլիի՝ խորհրդարան մտնելու վերաբերյալ հարցումը։

Ըստ կուսակցության՝ հարցմանը մասնակցել է մոտ 7 000 մարդ, իսկ բացարձակ մեծամասնությունը կողմ է քվեարկել Շալվա Նաթելաշվիլիի՝ խորհրդարան վերադառնալու օգտին։

Երեկ հայտնի դարձավ, որ Ամերիկյան HBO ընկերության «Էյֆորիա» հայտնի հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի ձայնային էֆեկտների վրա աշխատել է Վրացական POSTRED ընկերությունը։ Հեռուստասերիալը պատմում է մի քանի դեռահասների մասին։

The Economist բրիտանական լրատվական ընկերությունը հրապարակել է 2021 թվականի Համաշխարհային ժողովրդավարության ինդեքսը։ Վրաստանի վարկանիշային միավորը նոր ինդեքսում վատթարացել է, այն 5,31-ից նվազել է 5,12-ի, սակայն երկրի դիրքը ժողովրդավարության մակարդակով մնում է անփոփոխ՝ դեռևս 91-րդ հորիզոնականում։ Ըստ այս ցուցանիշի՝ Վրաստանը գտնվում է «հիբրիդային ռեժիմում»։ Որպեսզի Վրաստանն անցնի «թերի ժողովրդավարության» ավելի բարձր կարգավիճակի, նրա միավորը պետք է լինի 6-ից բարձր։

Փետրվարի 10-ի պաշտոնական փոխարժեքով, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 11-ից, լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2,13 թեթրիով։ Ըստ այդմ, փետրվարի 11-ին 1 ԱՄՆ դոլարի արժեքը պաշտոնական փոխարժեքով կկազմի 2,9544 լարի։ Ազգային արժույթը արժեզրկվել է նաև եվրոյի նկատմամբ։ Մասնավորապես, նախորդ օրվա փոխարժեքի համեմատ փոփոխությունը կազմել է 2,55 թեթրի, իսկ 1 եվրոյի արժեքը վաղը՝ փետրվարի 11-ին, պաշտոնական փոխարժեքով կկազմի 3,3801 լարի։

Անցյալ տարի Վրաստանից 9 701 տոննա օգտագործված հագուստ և այլ ապրանքներ գնելու համար դուրս է եկել 25,5 մլն դոլար։ 2021 թվականին, 2020 թվականի համավարակի տարվա և 2019 թվականի համեմատ, ներմուծման ծավալն ու արժեքը աճել է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներմուծման արժեքը 37,9%-ով գերազանցում է 2020 թվականի տվյալները, իսկ ծավալը՝ 38,8%-ով։

Երեկ՝ փետրվարի 10-ին Օրբելիանի պալատում տեղի է ունեցել ազգային համաձայնության գործընթացի առաջին հանրային լսումը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հյուրընկալել է տարբեր ոլորտների կանանց: Հանդիպմանը մասնակցել են քաղաքական գործիչներ, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչ կանայք։ Նախագահը շնորհակալություն է հայտնել հյուրերին գործընթացին և քննարկմանը մասնակցելու համար։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատում կայացած հանդիպման ժամանակ ասել է, թե որպես պետության ներկայացուցիչ՝ ինքը պատրաստ է ստեղծել համատեղ փաստաթուղթ, որը կլինի ազգային համաձայնության գործընթացի հիմնական արդյունքներից մեկը: