Հայրիշխանական հասարակության անկոթ դանակը

Ինչպիսի՞ն պիտի լինի կինը: Հեզ, գեղեցիկ, հնազանդ, հաճախ անօգնական, սեփական կարծիքը պարտադիր չէ, որոշ դեպքերում կարող է աշխատել, սակայն վաստակած գումարը ցանկալի չէ գերազանցի տղամարդու վաստակածից, խելացի լինելը պարտադիր չէ, քննադատող միտքը ընդհանրապես ողջունելի չէ։ Փոխարենը տղամարդը պիտի լինի ինքնուրույն, ինքնավստահ, խելացի, գերիշխող, անպայման աշխատի և վաստակի ավելի շատ,  քան կինը։ Նման դեպքում, երբ կինը գեղեցիկ ու հլու հնազանդ է, սեփական կարծիքի բացակայությամբ, իսկ տղամարդը որոշում կայացնող ու ինքնավստահ՝ նրանք կլինեն «ճիշտ» զույգ։ Հակառակ դեպքում կամ տղամարդն է «կրունկի տակ» պիտակավորվում, կամ կինը ոչ կանացի՝ «բոևիկ»: Նման իդեալական զույգի կարծրատիպային մոդելի ձևավորուման մեջ հիմնական լուման տղամարդունն է: Ինչի ձեռքը և ինքն էլ կրակն է ընկել:

Այս թեմայի շուրջ ներկայացնում ենք տղամարդու տեսակետ.

«Ընդհանրապես, հարաբերությունների մասին խոսելիս «ճիշտ» բառից հնարավորինս խուսափել է պետք: Մարդկային հարաբերությունները շատ սուբյեկտիվ են: Կախված հանգմանքներից ու իրավիճակից մետաղադրամը կարող է 2 ից ավել կողմ ունենալ: Ցավոք «ճիշտը» մեր հասարակության մեջ գնալով արմատավորվում էամեն ինչ դառնում է սև կամ սպիտակ  որոնց միջև բացակայում է մի ողջ գունային ներկապնակ: Դա իր հերթին ստիպում է մարդուն գնալ պարտադրված քայլերի, կերպարային դիմակ կրել, ինչը բնականաբար երկար ընթացք չի ունենում

Մեր հասարակության մեջ հարաբերությունների ձևաչափը անհասկանալի պատճառներով փորձում են անփոփոխ պահպանել. անինքնավստահ, անկարծիք կին ու ինքնավստահ, հզոր տղամարդԱնխուսափելիորեն, շատ հաճախ կինը լինում է ավելի խելացի, ավելի հեռատես, ավելի ինքնավստահ ու հաջողակ: Առաջին հայացքից այս դրական հատկանիշները դառնում են բռնության պատճառ՝ տղամարդու մոտ աճող թերարժեքության բարդույթին գումարվում են կարծրատիպերն ու ստիգման: Դրանք վտանգի տակ են դնում հասարակության կողմից հաստատված իր տղամարդկային արժեքները: Գուցե մեկ այլ երկրում այլ կերպ հաղթահարեն այդ բարդույթները, բայց մեր տղամարդը պարզապես բռնանում է կնոջ նկատմամբ՝ ցույց տալով իր իշխանությունը:  

Ըստ վիճակագրության՝ վերջին տարիների ընթացքում անհամեմատ աճել է ամուսնալուծությունների թիվը: Վերոնշյալ հիպոթեզը իր պատվավոր տեղն ունի բացատրությունների շարքում: Վերջին շրջանում, ավելի ու ավելի շատ եմ նկատում հաստ շպարով տիկնիկանման գեղեցկուհիների, որոնք անթաքույց նմանակում են ռուսական նոր ռեփի տեսահոլովակների աղջիկներին, գեղեցիկ ու ինտելեկտի ցածր մակարդակով: Աղջիկները գիտեն, որ տղամարդկանց դուր են գալիս հեշտ կառավարվող գեղեցկուհիները, ուստի կրում են այդ դիմակը և մտնում են այդ դերի մեջ, տղամարդիկ իրենց հերթին կրում են իրենց դիմակը՝ խելացի, հաջողակ, ինքնավստահ ու հարուստ: Նույնիսկ Կորոնավիրուսի պայմաններում մարդիկ պարբերաբար հանում են իրենց դիմակները, ուր մնաց մի ամբողջ կյանք ապրել մի կերպարի մեջ, որը դու չես: Նման հարաբերություններոմ կինը մի օր կամ մի քանի օրերի ընթացքում դուրս է գալիս «հիմարիկի» դերից և ասում իր տեսակետը՝ հաճախ շատ ամուր փաստարկներով: Նման անակնկալների կրկնությունը վերջ է տալիս տղամարդու նախաձեռնած թատրոնին, և դերասանները ցույց են տալիս իրենց իրական դեմքերը, ինչը և հանգեցնում է ամուսնալուծության

Ստացվում է, որ կինը ինչպես և տղամարդը հայտնվեցին տղամարդու նախաձեռնած կաղապարային հարաբերությունների մեջ, բայց բնականաբար չկարողացան տեղավորվել ու ադապտացվել այդ պայմաններին

Միայն մի պարագայում կարելի է օգտագործել  «պետք է» բառը

«Պետք է լինենք այնպիսին ինչպիսին կանք, դա մեր իսկ շահերից է բխում»:

Նյութը պատրաստվել է «Աշխատավայրում գենդերային հավասարության աջակցություն — Քվեմո Քարթլիի շրջան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց հզորացնել աշխատանքային խտրականության հարցում և կանխել գենդերային բռնությունը`Քվեմո Քարթլիի շրջանում կանանց աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացման միջոցով: Այս հոդվածում արտահայտված տեսակետները ծրագրի թիմի տեսակետներն են և հնարավոր է չարտացոլեն դոնորի տեսակետները: