ՆԳՆ-ն ակտիվիստներին կոչ է անում լքել խորհրդարանի տարածքը

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքական խմբերի առաջնորդներին և ցույցի կազմակերպիչներին կոչ է անում դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը:

Գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է, որ խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելն օրենքով արգելված է:

«Նոյեմբերի 17-ի ցույցի, այդ թվում նաև ողջ գիշերվա ընթացքում ոստիկանությունն ապահովել է հավաքի բնականոն ընթացքն ու հասարակական կարգի պահպանությունը։ Խորհրդարանի շենքի մոտ ընթացող խաղաղ ցույցը, սակայն, հետագայում ստացավ ապօրինի ընթացք: Եւս մեկ անգամ կոչ ենք անում ցույցի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Վարչական շենքերը գրոհումը կամ արգելափակումը շարունակելու դեպքում ոստիկանությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կարձագանքի»,- նշված է հայտարարությունում: