ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել դասախոսին սեռական ոտնձգության մեջ մեղադրող ուսանողի գործով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիում դասախոսին սեռական ոտնձգության մեջ մեղադրող ուսանողի գործով:

Հետաքննություն է ընթանում քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով, որը ենթադրում է տուգանք կամ ուղղիչ աշխատանքներ մեկ տարի ժամկետով կամ նույն ժամկետով ազատազրկում:

Ավելի վաղ, ուսանողուհին դասախոսին մեղադրել էր սեռական բնույթի գրառումներ կատարելու և ոտնձգությունների մեջ: «Բաթումելեբի» թերթը գրում է, որ դասախոսը սոցիալական ցանցի միջոցով փորձել է աղջկան համոզել «համարձակ լուսանկարներ» ուղարկել:

Ըստ թերթի, մեղադրյալը Բաթումիի Շոթա Ռուսթավելիի համալսարանի դասախոս և միևնույն ժամանակ Բաթումիի Սակրեբուլոյի բարձրաստիճան պաշտոնյա է: Նույն աղբյուրի համաձայն, նա նաև Բաթումիում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ազդեցիկ անդամ է:

Ուսանողի` սեռական ոտնձգության մասին մեղադրանքը դասախոսը հերքում է: