Նիկա Մելիայի սպասելիքները Գերագույն դատարանի դատավորից

Միասնական ընդդիմության հիմնադիրներից Նիկա Մելիան լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ խոսելով դատական համակարգի շուրջ ծավալված իրադարձությունների մասին, պատասխանել է հարցին, թե ի՞նչ պահանջներ ունի դատավոր Լևան Մուրուսիձեից, ով Գերագույն դատարանի անժամկետ դատավոր է նշանակվել:

«Հենց սկզբից էլ խոստովանում ենք, որ խնդիր է եղել դատական համակարգի մեջ և Մուրուսիձե-Չինչալաձեներն իրականում ղեկավարվում էին գործադիր իշխանությամբ, բայց շարքային դատավորներ էին: Շատ զարմանալի որոշումներ կան կայացրած: Վրաստանի քաղաքացին դատապարտվել է «կենդանի» մարդու սպանության համար… Մուրուսիձեն և Չինչալաձեն շարքային դատավորներ էին և այսօր Իվանիշվիլին դատական համակարգը փոխանցել է այդ մարդկանց: Ինչպե՞ս կարող ենք խնդիրներ չունենալ», — ասել է Մելիան:

Դատական սկանդալը սկսվեց անցյալ տարեվերջին 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի նախագահ Գիորգի Միքաուտաձեն խորհրդարանին ներկայացրեց Գերագույն դատարանի տասը թեկնածուներին՝ Մարիամ Ցիսակաձե, Նինո Քադագիձե, Միխեիլ Չինչալաձե, Պաատա Սիլագաձե, Դիմիտրի Գվրիտիշվիլի, Մերաբ Գաբինաշվիլի, Նինո Սանդոձե, Թամար Ալանիա, Գիորգի Տկղավաձե և Գիորգի Միքաուտաձե:

Դրանից հետո վրաստանյան շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը և դատավորի պաշտոնում Լևան Մուրուսիձեի նշանակումն ի ցույց է դնում դատական համակարգի ողջ ճգնաժամն ու «կլանային համակարգի» առկայությունը»: