Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կժամանի Վրաստան

Մարտի 3-4-ին երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Ալիք մեդիան» տեղեկանում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Հաղորդվում է, որ բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունը տեղի կունենա կառավարության շենքում, հայ գործընկերոջը կդիմավորի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Օրակարգում են վարչապետների հանդիպումներ ինչպես դեմառդեմ, այնպես էլ լայն ձևաչափով, ինչից հետո Գախարիան և Փաշինյանը լրատվամիջոցների համար հայտարարություն կանեն:

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի հերոսների հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հուշակոթողի մոտ:

ՀՀ վարչապետի այցը կավարտվի մարտի 4-ին:

Հիշեցնենք՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցով հենց Վրաստան էր եկել, ինչից հետո 2019 թ․ հունվարի 15-ին տեղի է ունեցել նաև ոչ պաշտոնական հանդիպում Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ՝ Մարնեուլիի շրջանի հայաբնակ Բոլնիսի գյուղում: